Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի և Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող մի շարք անձանց ձերբակալության մասին

Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի և Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող մի շարք անձանց ձերբակալության մասին
Իրավունք
11:34, 16 май 2023
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այսօր հայտարարել է երկու անձանց ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու մեջ: 

Պետական դավաճանության և Ադրբեջանի դեմ ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 1980 թվականին ծնված Ահմեդով Ռաշադ Ահմեդ օղլուն։ Գերատեսչության տվյալներով՝ «Ահմեդովը, ապրելով երրորդ երկրում, կատարել է Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները»։

«Հաստատվել է, որ Ռաշադ Ահմեդովը կատարել է Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների հանձնարարությունները՝ ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, պետական անվտանգության և պաշտպանունակության։ Ռաշադ Ահմեդովը 1991 թվականին ծնված Ամիրով Ռովշան Մուսա օղլուի և այլ անձանց հետ, որոնց նա ներգրավել է այդ հանձնարարությունների հիման վրա, պատրաստել են տեսանյութեր, որոնք պարունակում են Ադրբեջանում էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն բորբոքելու բացահայտ կոչեր։ Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց հսկողության ներքո տարածվել են Youtube-ի ալիքներով և այլ սոցիալական ցանցերում ադրբեջաներենով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ահմեդովը նաև ծրագրել էր գործողություններ՝ Ադրբեջանի տարածքում պայթյունների, հրդեհների և հասարակական վտանգավոր այլ հետևանքների առաջացման ուղեկցությամբ՝ նպատակ ունենալով առաջացնել անկարգություններ էթնիկ և կրոնական հողի վրա: 

Ահմեդովին մեղադրանք է առաջադրվել 274 (պետական դավաճանություն), 28, 214.1 (ահաբեկչության նախապատրաստում) և 281.3 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր օտարերկրյա կազմակերպությունների և կամ նրանց ներկայացուցիչների ցուցումով) հոդվածներով:

Ամիրովին մեղադրանք է առաջադրվել 274 և 281.3 հոդվածներով: Երկուսի մասով էլ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է, ասվում է հաղորդագրության մեջ։

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ ներգրավված քաղաքացիներ։

Ըստ հայտարարության՝ Ռուֆուլլա Ախունդզադեն և նրա որդին՝ Ալմուրսալ Ախունդզադեն, համագործակցելով իրանական հատուկ ծառայությունների հետ, պլան են պատրաստել զինված անկարգություններ կազմակերպելու, Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու՝ «Քերիմե կրոնական պետություն» ստեղծելու և մահափորձ իրականացնելու համար։ 

«Ռ. Ախունդզադեն ստեղծել է փակ խմբեր Whatsapp-ում, Telegram-ում և այլն, կազմել է մահափորձ ծրագրված անձանց ցուցակ՝ նրանց անձնական տվյալներով, հասցեներով և այլն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են Qısas 313 խմբի 7 անդամներ՝ Էլգյուն Աղաևը, Ռուսլան Ալիևը, Յուսիֆ Միրզոևը, Էլվին Ջաֆարովը, Սավալան Հուսեյնլին, Բիլալ Սուջադդինը և Մահարրամ Մուսաևը. միջոցներ են ձեռնարկվում խմբի մյուս անդամներին բերման ենթարկելու համար։