Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված 10 ընկերությունները միջնորդել են դատարանին ժամանակ տրամադրել՝ պատասխան ներկայացնելու համար. Iravaban.net

Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված 10 ընկերությունները միջնորդել են դատարանին ժամանակ տրամադրել՝ պատասխան ներկայացնելու համար. Iravaban.net
Իրավունք
17:30, 17 май 2023
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա կնոջ՝ Նունե Նիկոլյանի, որդու՝ Հրանտ Բեգլարյանի և դստեր՝ Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Նարինե Ավագյանը։

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  
  • Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում,  ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ,
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,
  • 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով,
  • 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,
  • 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավորը հայտնեց, որ գործով որպես 3-րդ անձ ներգրավված 10 ընկերությունները միջնորդություն են ներկայացրել, որով խնդրում են դատարանին ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։՛

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ն, «Պերսեֆոնա» ՍՊԸ-ն և «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն գործով որպես 3-րդ անձ ներգրավվելու միջնորդությունը ստացել են դեռևս ապրիլի 7-ին և երկշաբաթյա ժամկետ ունեին, որպեսզի միջնորդեին դատարանին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել, սակայն դա չեն արել․ «Դատարանը որոշում է գրավոր պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժել»։

Միևնույն ժամանակ Նարինե Ավագյանը հայտնեց, որ «Արաբկիր կահույքի ֆաբրիկա մեկ» ՓԲԸ-ի, «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի, «Ագաթտրանսսերվիս» ՍՊԸ-ի, «Արևիկ-Տուր» ՍՊԸ-ի, «Սկառտա» ՍՊԸ-ի, «Ռիո» ՓԲԸ-ի և «Նարեկ» ԲԲԸ-ի ներկայացրած միջնորդությունները կբավարարվեն, հաշվի առնելով որ վերջիններս գործով ներգրավելու վերաբերյալ որոշումները ստացել են մայիսի 10-ին․ «Մինչև հունիսի 8-ը ներառյալ ժամանակ կտրամադրվի»։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։