Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Իրավունք
12:21, 14 июнь 2021
Բաքվի դատարանն այսօր հրապարակել է լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանի գործով դատավճիռը եւ նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Շինծու քրեական գործով Վիգենը մեղավոր է ճանաչվել «վարձկանության», «ահաբեկչության», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով:

Դատավճիռը կայացրել է Բաքվի Յասամալի շրջանային դատարանը՝ դատավոր Էլբեյ Ալլախվերդիևի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ մեղադրող դատախազը հենց 20 տարվա ազատազրկում էր պահանջել Էուլչեկջյանի համար: Նախորդ դատական նիստին լիբանանահայ գերուն վերջին խոսքի իրավունք էր տրվել, որում վերջինս խնդրել էր արդարացնել իրեն:

Հայ հանրությանը հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին նա նախ տեղափոխվել էր Երևան, ապա՝ Շուշի, վերաբնակեցման ծրագրով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ադրբեջանական զինծառայողները գերի էին վերցրել Վիգենին ու նրա հետ մեքենայում եղած Մարալ Նաջարյանին: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբանան:

Էուլչեկջյանի գործով կա ընդամենը մեկ վկա՝ նույն Մարալ Նաջարյանը, որի տված  «ցուցմունքի», ինչպես նաև «Վիգենի ինքնախոստովանական ցուցմունքի» վրա է հենց կառուցվել մեղադրանքը:

Էուլչեքջյանը պնդում է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել: Հենց այդ լուսանկարներն են հայտնաբերվել Վիգենի հեռախոսում գերեվարվելու ժամանակ: Անցնող մի քանի դատական նիստերի ժամանակ Վիգենը մի քանի անգամ ցուցմունք է տվել, դատավորն ու մեղադրող դատախազն էլ գտել են, որ վերջինս շատ տեղեկություններ թաքցնում կամ սխալ է մատուցում, քանի որ խոսքերում հակասություններ են տեսել: Էուլչեկջյանը, ի պատասխան, պնդել է, որ մեղավորը ադրբեջաներենի թարգմանիչն է, որը խեղաթյուրում է իր խոսքերը: Դատարանը, սակայն, վերջինիս պնդումն արժանահավատ չի համարել:

Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին միայն 2021 թվականի փետրվարին էր թույլատրվել բանտում այցելել Վիգենին: ԿԽՄԿ-ն նպաստել է նրա եւ Բեյրութում նրա ընտանիքի պարբերաբար հաղորդակցությանը, նամակների փոխանակմանը: Ապրիլին Վիգենին հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են զանգել ընտանիքին: Նա նրանց ասել է, որ իրեն լավ են վերաբերվում, որ իր փաստաթղթերը կվերանայվեն՝ երեք ամսից իրեն ազատ արձակելու համար։

Այս հույսերը փլուզվել են, երբ մայիսի 5-ին՝ դրանից մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Վիգեն Էուլչեկջյանի հետաքննությունն ավարտված է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ: