Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առևանգված» օդանավը շահագործող ընկերությունը մտադիր է դատական կարգով բողոքարկել քաղավիացիայի կոմիտեի կասեցման որոշումը

«Առևանգված» օդանավը շահագործող ընկերությունը մտադիր է դատական կարգով բողոքարկել քաղավիացիայի կոմիտեի կասեցման որոշումը
Իրավունք
22:02, 15 июнь 2021
Երեկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ կասեցնում է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավը շահագործելու լիցենզիան։ Այս ընկերությունը հանդիսանում է փետրվար ամսին առևանգված և Թեհրան տեղափոխված հայկական օդանավի շահագործողը։ 

Civic.am-ի տեղեկություններով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը մտադիր է դատական կարգով բողոքարկել Կոմիտեի որոշումը, եթե բանակցությունների միջոցով չկարողանա համոզել Քաղավիացիայի կոմիտեին փոխել իր դիրքորոշումը։ Խնդիրն այն , որ ավիաընկերությունն այս կարգավիճակում հնարավոր է չկարողանա այլևս օդանավ վարձակալել։ 

Նշենք, որ Boeing B737-300 EK-FAA ամերիկյան արտադրության օդանավը, որն անհայտ պայմաններում հայտնվել էր Իրանում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությանը տրամադրված է լիզինգով։ Քաղավիացիայի կոմիտեն գտել է, որ առկա են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ, ինչպես նաև հաշվի առնելով, որ ընկերությունը չունի շահագործման ենթակա այլ օդանավ՝ կասեցրել է օդանավ շահագործողի լիցենզիան։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ինքնաթիռը պետք է Տալինից թռչեր Ուկրաինա, այնտեղ անցներ տեխնիկական սպասարկում և վերադառնար Հայաստան, սակայն առանց ընկերության համաձայնության փոխվել էր չվերթը, և ինքնաթիռը վայրէջք էր կատարել Իրանում։ Իսկ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, և Միացյալ նահանգների օրենսդրությամբ արգելվում է Իրանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ ու ավիացիոն պահեստամասեր՝ նույնիսկ երրորդ երկրների միջոցով։ ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ օդանավ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելու հատկանիշներով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
 
Նարա Մարտիրոսյան