Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առևանգված» օդանավը Հայաստան բերելու համար ավիաընկերության և կոմիտեի աշխատակիցները կրկին կմեկնեն Թեհրան

«Առևանգված» օդանավը Հայաստան բերելու համար ավիաընկերության և կոմիտեի աշխատակիցները կրկին կմեկնեն Թեհրան
Տարածաշրջան
12:58, 29 март 2021
 Civic.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ հայկական «առևանգված» օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով է մնացել Թեհրանում, և Քաղաքացիական ավիացիայի կոմտեն ջանքեր է գործադրում այն Հայաստան բերելու համար։ Մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս օդանավի տեխնիկական աշխատանքների գործընթացը դադարեցված է, քանի որ Իրանում մեկ շաբաթից ավել է՝ ոչ աշխատանքային օրեր են․ իրանցիները Նովրուզ են նշում։ 
Մեր տեղեկություններով՝ «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմը սպասում է՝ Իրանում ավարտվեն տոնական օրերը, որպեսզի աշխատակիցները հերթական այց կատարեն Թեհրան՝ Boing-737 ինքնաթիռի տեխնիկական աշխատանքներն ավարտելու և այն Հայաստան բերելու համար։ 
Առաջիկայում Իրան հերթական այց է նախատեսում նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատվիրակությունը՝ քննարկելու այնտեղ գտնվող հայկական օդանավի վերադարձի հացը։ Այս մասին Կոմիտեից տեղեկացրել են «Հանրային ռադիոյին»։ 
Նշենք, որ առաջին այցը Իրան՝ ավիաընկերության և Կոմիտեի աշխատակիցների կողմից եղել էր փետրվարի 28-ին, սակայն նրանց չէր հաջողվել օդանավը Հայաստան բերել։ 
Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության օդանավը «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ընկերությունը վարձակալել էր Հայաստան բերելու նպատակով։ Հունվարի 13-ից Boing 737 ինքնաթիռը գրանցված է հայկական պետական ռեգիստրում։ Դեռևս փետրվար ամսին՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թույլտվությամբ այն պետք է Տալինից ուղևորվեր Կիև՝ տեխնիկական սպասարկում անցնելու համար, սակայն անհասկանալի պատճառով՝ Տալինից գնում է Իրան, և վայրէջք կատարում Թեհրանում։ Նշենք, որ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, և միացյալ նահանգների օրենսդրությամբ արգելվում է Իրանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ ու ավիացիոն պահեստամասեր, նույնիսկ երրորդ երկրների միջոցով։ 
Ներկայումս ԱԱԾ-ում հարուցված է քրեական գործ՝ օդանավը փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելու հատկանիշներով և ընթանում է հետաքննություն։ 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադառնալով կատարվածին ընդգծել էր, որ, օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է օդանավ շահագործողը՝ Ավիաընկերությունը:
Նարա Մարտիրոսյան