Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 150 անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ, ինչպես նաև արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։


Ռուսական կողմը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական 125 անօդաչու։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Բրյանսկի շրջանում կա մեկ զոհ։


Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է նոր միջոցառումների մասին, որոնց համաձայն՝ երկրի զինված ուժերին թույլատրվում է տարածքային ջրերում կալանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը։ Սա նշանակում է, որ պատժամիջոցների տակ գտնվող նավերը չեն կարողանա մուտք գործել բրիտանական ջրեր, այդ թվում՝ Լա Մանշի նեղուց։ Նշվում է, որ բրիտանական պատժամիջոցների ցանկում ընդգրկված է նմանատիպ 544 նավ։


Բացի այդ, Reuters գործակալությունը, հղում անելով շուկայական տվյալների վերլուծությանը, հայտնում է, որ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների մոտ 40 տոկոսը՝ օրական շուրջ 2 միլիոն բարել, ժամանակավորապես դուրս է մնացել գործարկումից։ Դրա պատճառներն են ուկրաինական հարվածները և «ստվերային նավատորմի» նավերի կալանումները։