Պայթյուն Բիշքեկի ՋԷԿ-ում. Ղրղզստանի վարչապետը ստիպված է եղել չեղարկել մասնակցությունը ԵԱՏՄ խորհրդի նիստին
Բիշքեկում փետրվարի լույս 2-ի գիշերը պայթյուն է որոտացել քաղաքի միակ ՋԷԿ-ում։ Ղրղզստանի մայրաքաղաքի գրեթե ողջ հարավային հատվածում դադարեցվել է էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարումը։ Վթարային անջատումներ են տեղի ունեցել 2493 բազմաբնակարան բնակելի շենքերում:

ՋԷԿ-ում, հայտնել են հանրապետական էներգետիկայի նախարարությունից, կաթսաներից մեկը պայթել է: Ղրղզստանի ԱԻՆ ղեկավար Բոոբեկ Աժիկեևը չի բացառել, որ վթարի կարող էր հանգեցնել դիվերսիան, գրում է «Sputnik Ղրղզստանը», քանի որ, ըստ նրա, «օբյեկտում մինչ արտակարգ դեպքը լսվել են թրխկոցներ»։ Սակայն, նշել է նա, հնարավոր են նաև վթարի տեխնածին պատճառներ։ 
Վթարի հետևանքով տուժել է ՋԷԿ-ում աշխատող հինգ մարդ, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ նրանց մարմնի 80 տոկոսը այրվել է։

Վթարի պատճառով Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովն ընդհատել է աշխատանքային այցը Ալմաթի, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, և վերադարձել է Բիշքեկ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն անձնական հսկողության տակ է վերցրել Բիշքեկի ՋԷԿ-ում ստեղծված իրավիճակը և կարգադրել է հնարավորինս արագ վերացնել վթարի հետևանքները։

ԱԻՆ ղեկավարի գնահատականներով՝ վթարի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու համար կպահանջվի հինգից յոթ օր։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղրղզստանին ՋԷԿ-ի վթարից հետո։

Բիշքեկում, որտեղ ապրում է ավելի քան 970 հազար մարդ, փետրվարի 2-ի գիշերը օդի ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 2 աստիճան Ցելսիուս։