Գերմանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ. Պատճառը Մարգարիտա Սիմոնյանի «բացահայտումնե՞րն են»
Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը մարտի 4-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված «Ղրիմի կամուրջը գրոհելու վերաբերյալ գերմանացի սպաների զրույցի հետ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Այսօր հրավիրվել է ՌԴ ԱԳՆ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Մարտի 1-ին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ այն օրը, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում և չի մասնակցելու ուկրաինական հակամարտությանը, գերմանացի բարձրաստիճան սպաները քննարկել են Ղրիմի կամրջի հնարավոր գրոհը՝ առանց հետևանքների գերմանական իշխանությունների համար: Սիմոնյանը հղում է արել հաստատված ձայնագրության առկայությանը, իսկ ավելի ուշ հրապարակել զրույցի վերծանումը։ Ըստ դրա՝ սպաները իբր քննարկել են, թե որքանով են Taurus հրթիռները ունակ ոչնչացնել Ղրիմի կամուրջը, ինչպես նաև գրոհի նախապատրաստման մանրամասները։