Ուկրաինայում պատերազմին դեմ արտահայտված Բորիս Նադեժդինին վերջնականապես մերժել են գրանցվել որպես ՌԴ նախագահի թեկնածու
Քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինին ՌԴ նախագահի ընտրություններում որպես թեկնածու գրանցելու մերժման մասին որոշումը ուժի մեջ է մտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանի որոշմանը։

Փետրվարի 21-ին Գերագույն դատարանը մերժել է բավարարել Նադեժդինի հայցը, որը պահանջում էր անօրինական ճանաչել իրեն որպես թեկնածու գրանցելու ՌԴ ԿԸՀ-ի մերժումը: Այդ ժամանակ դատարանը հանդես էր եկել հօգուտ ԿԸՀ-ի։  

Քաղաքական գործիչը բողոք է ներկայացրել, որը վերաքննիչ դատարանը քննարկել է այսօր՝ մարտի 4-ին։ Այն նույնպես օրինական է ճանաչել Նադեժդինի գրանցման վերաբերյալ ԿԸՀ որոշումը։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են անփոփոխ, իսկ բողոքի բավարարումը մերժել են»,- հայտնել է քաղաքական գործիչը վերաքննիչ դատարանի որոշման մասին։

Բորիս Նադեժդինը Ռուսաստանի նախագահի ընտրություններում առաջադրվել էր «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից։ Նա ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած միակ քաղաքական գործիչն է, որը դեմ է ռուսական զորքերի ներխուժմանը Ուկրաինա։