Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընթանում է դռնփակ՝ իր պաշտպանի միջնորդությամբ
Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական հերթական նիստն է։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու մեջ, և ներկայումս դատարանն ուսումնասիրում է ապացույցների բազան։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախորդ դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց փոփոխելու մասին։  

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել, որպեսզի հիմնավորի իրենց միջնորդությունը։

Փաստաբանը միջնորդությունը հիմնավորելու համար անհրաժեշտություն է տեսել ստանալ նույն գործով մեղադրյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին քննիչի որոշումը։ 

Հայկ Ալումյանն անդրադառնալով իր միջնորդության հիմնավորմանը՝ նշեց, որ մայիսի 17-ին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկություններ, թե ինչ հիմնավորմամբ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Նույն օրը դիմել է նաև հակակոռուպցիոն կոմիտեին նույն հարցերով և ստացել է պատասխան, որ օրենքով նախատեսված չեն այդ տվյալների տրամադրումը։ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց իր նշած փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև ընդգծեց, որ նույն հարցով դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին, որն էլ իրեն տրամադրել է իր պաշտպանյալի վերաբերյալ խափանման միջոց ընտրելու մասին քննիչի որոշումը։ Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չի հանդիսանում սույն գործով դատավարական կողմ՝ Հայկ Ալումյանը միջնորդեց դռնփակ անցկացնել նիստը, որպեսզի ուսումնասիրվի որոշումը։ 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը, երբ պետք է ուսումնասիրվեին գործով ապացույցները Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դռնփակ անցկացնել նիստը։