Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ կար հարուցված երկու քրեական գործ, որոնցից մեկով՝ ընտրական հանցագործությունների հոդվածներով, Առուշ Առուշանյանն արդարացվել է, ինչից հետո վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Իսկ մյուս գործով, որը վերաբերում էր նրան, որ Առուշանյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաև փաստացի իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, ինչն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց և պետությանը, ևս այս պահին քննվում է Վերաքննիչ դատարանում: Civic.am-ը զրուցել է Առուշանյանի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Զեյնալյանի հետ։
«Կլանի տեսքով, երբ որ Առուշ Առուշանյանը բնակվել է Սյունիքի մարզում, երկարատև ժամանակով վարել են որոշակի պաշտոններ, նաև ունեցել են իրենց արմատները տվյալ մարզում, բնականաբար, նաև ունեցել են իրենց համախոհները ուժային կառույցներում։ Նման անպատժելիության սկզբունքով ապրողները, բնականաբար, պետք է վստահ լինեին, որ երբևիցե քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Եվ, իհարկե, բոլոր լծակներից փորձել են օգտվել, որպեսզի կարողանան զերծ մնալ քրեական պատասխանատվությունից, բայց հույս ունենք, որ այս պայմաններում և այսօրվա Հայաստանում, գոնե ինչ-որ մի տեղ մեր ունեցած դատական համակարգում, կկարողանանք օրենքի գերակայությունն ավելի բարձր գնահատել և արդարադատության շահը բարձրացնել»,-ասաց Լուսինե Զեյնալյանը։
Փաստաբանի խոսքով՝ նախաքննության փուլում, երբ տուժողներն անձամբ ներկայացրել են խնդիրները՝ Առուշ Առուշանյանի և նրա կլանի հետ կապված, նախաքննական ոչ մի միջնորդություն ուժային կառույցները չէին բավարարում, չէին լսում տուժողներին, այսինքն՝ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում էին, որպեսզի քրեական գործերը կարճվեին։
«Մենք ունենք նման քրեական գործերի կարճված որոշումներ, որոնք մի դեպքում բողոքարկվել են, մի դեպքում վերացվել են, բողոքների փուլում են գտնվում»,- ասաց փաստաբանը։
Վերջինս ներկայացնում է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով տուժողի շահերը։ Խոսելով գործի մասին՝ փաստաբանն ասաց, որ 2008 թվականին գործարար գործունեությամբ զբաղվող մարդուց փորձել են խլել բիզնես, և այդ բուրգի գլխին կանգնած է եղել Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, որ իրենք դատական պրակտիկայում բախվում են օրենքների բազմաթիվ բացերի, և կա ֆունդամենտալ փոփոխությունների կարիք։
Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը հայտարարում է, թե իրենց նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրում, փաստաբանն ասաց, որ որքանով առնչվել է, միշտ համեմատություն է անում 2008-ի, 2018-ի և 2022 թվականների ուժի կիրառման մասով, և այսօր ոստիկաններն ընդամենը «թիթեռնիկ իրավիճակով» վերաբերմունք են ցուցաբերում ցուցարարների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Թադևոսյան