Ապօրինի գույքի բռնագանձման գործով հերթական ծանուցագիրն է ուղարկվել ոստիկանության նախկին պաշտոնյային
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ապօրինի գույքի բռնագանձման  վարույթի վերաբերյալ ծանուցագիր է ուղարկել Արա Յուրիի Կոթողյանին։ Վերջինս զբաղեցրել է Ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման, փաստաթղթերի ձևակերպման բաժնի  պետի տեղակալի, Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնները։   

Նշենք, որ Արա Կոթողյանն անցնում էր դեռևս 2020 թվականի հունիսին  առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և այն կազմակերպելու գործով։  Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018-2019 թվականներին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 255 միլիոն 824 հազար 768 դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:  

Հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2017-ին նախատեսվել է Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018 թվականից իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ ոստիկանությանը, լուծարել: ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը՝ ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու համար: 

Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն վերջինս, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են՝ այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն:

Ըստ ՀՔԾ-ի՝  նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, ով հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը, «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանությունները՝ չնայած դրանք կազմված են եղել օրենսդրության պահանջների խախտմամբ: Արդյունքում գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին և որոշել վերջինիս հետ կնքել 1 միլիարդ 589 միլիոն 864 հազար դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով:

Այս գործով մասնավորապես Ա. Կոթողյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2021թ. ապրիլի 8-ին էլ ՀՔԾ-ն հաղորդեց այս քրեական գործով նախաքննության ավարտի մասին։ ՀՔԾ-ի վերջին հաղորդագրությունից պարզ դարձավ, որ քրեական գործում որպես մեղադրյալներ մնացել են միայն «Ուկռինվեստ»-ի տնօրեն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ ՀՔԾ-ն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։