«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրիում «Պապիկներին ծեծելու» գործով պապիկները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ «Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին»,- գրել է Բաբայանը։
Բաբայանը, տեքստի առաջին հատվածում մեջբերելով պապիկներին, նշում է, որ պապիկներին բռնության չեն ենթարկել, չեն ծեծել։
Երկրորդ հատվածում ասում է, որ այնուամենայնիվ «դեպք» է եղել, որը արձանագրվել է, և կա տեսանյութ։ Բաբայանը, հավանաբար, մոռացել է, որ այդ տեսանյութում ոչ միայն երևում են բռնություն գործադրելու և ծեծելու կադրերը, այլ նաև հստակ երևում են գործող անձինք։ Թե ինչո՞ւ են տուժող պապիկները իրենց ցուցմունքում նշել, որ իրենց նկատմամբ բռնություն չի գործադրվել, իրենց չեն ծեծել՝ պետք է պարզեն իրավապահները։ Արդյոք տուժողների նկատմամբ ճնշումնե՞ր են եղել նման՝ ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար, թե՞ այլ պատճառներ կան։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ դեպքը եղել է, պապիկների նկատմամբ բռնություն գործադրվել է։
Քննչական կոմիտեից պարզեցինք, որ գործի նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Դատախազություն։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ին հայտնեց, որ անկախ տուժողների ցուցմունքներից՝ եթե գործը հասնի դատարան, ապա ապացույցները կդիտարկվեն համակցության մեջ և կգնահատվեն դատական քննության ընթացքում՝ ապացույցների գնահատման շրջանակներում։
Այլ կերպ ասած, եթե գործը հասնի դատաքննության փուլ, ապա դատավորը պետք է որոշի ապացույցների, մասնավորապես՝ տուժողների ցուցմունքների արժանահավատությունը։
Ընդդիմությունը, սովորության համաձայն, փորձում է կեղծել այն, ինչ բոլորը տեսել են, հերքել այն, ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Թալան չի եղել, բանակը հզոր է եղել, ոստիկանական բռնություններ չեն եղել… Տպավորություն է, որ ընդդիմությունը կարծում է, թե ՀՀ քաղաքացիները տառապում են ամնեզիայով, կույր են ու անհասկացող։ Չեն տեսել նախկին պաշտոնյաների անհամաչափ ունեցվածքը, բանակում չեն ծառայել և չեն տեսել բանակի իրական վիճակը, չեն զգացել ոստիկանական մահակների հարվածները իրենց վրա։ Իսկ ընդդիմության միակ արգումենտը՝ «բա ո՞ւր են դատավճիռներն» են։ Այստեղ է, որ ընդդիմության և ՀՀ քաղաքացիների կարծիքներն ու քննադատությունները համընկնում են՝ ինչո՞ւ հեղափոխությունից չորս տարի անց չկան պատժի արժանացած «նախկիններ»։
Հիմա էլ, պարզվում է, ընդդիմադիր հրոսակները չեն ծեծել պապիկներին, տեսանյութն էլ մեր երևակայության արդյունքն է։
Վովա Հակոբյան