Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով դատարանին ձայնագրություններ էին ներկայացվել, սակայն դատարանը դրանք չկցեց քրեական գործին և չուսումնասիրեց. փաստաբան
Այս տարվա մարտի 28-ին դատարանի որոշմամբ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Դատարանը միևնույն ժամանակ Գորիսի քաղաքապետին մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար՝ նրան դատապարտելով 6.5 ամիս ազատազրկման, բայց վճիռը պայմանական չկիրառեց:

Նշենք, որ մեղադրող կողմը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է այս գործով տուժողների շահերի պաշտպան Յուրա Ավայանի հետ

- Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի, Մհեր Արղամանյանի։ Ի՞նչ ակնկալիք ունեք դատարանի այս կազմով դատաքննությունից։ 

- Ակնկալում եմ, որ արդարության շահերից բխող որոշում կկայացվի:

- Դուք, որպես տուժողի շահերի պաշտպան, ունե՞ք առանձին բողոք, թե՞ կմիանաք դատախազության ներկայացրած բողոքին։

- Ինչպես տեղյակ եք, հանդիսանում եմ տվյալ գործով տուժողներ Գուրգեն Հովսեփյանի և Արթուր Գյուրջյանի ներկայացուցիչը, և դատարանը մեղավոր է ճանաչել Առուշ Առուշանյանին հենց տվյալ գործերով, այսինքն՝ Գուրգեն Հովսեփյանի մասով քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար պատիժ  է նշանակվել տուգանք 700 հազար ՀՀ դրամ գումարի չափով, իսկ Արթուր Գյուրջյանի մասով քննվող գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար պատիժ է նշանակվել  1 տարի 3 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել, հետևաբար սույն գործերի մասով մեր կողմից վերաքննիչ բողոք բերելու անհրաժեշտություն չկար:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործով առաջին ատյանի դատարանի որոշումը։ 

- Առաջին ատյանի դատարանի որոշումը Գուրգեն Հովսեփյանի և Արթուր Գյուրջյանի մասով արդարացի էր և բխում էր քրեական գործում առկա փաստերից, իսկ մնացած դրվագներից կառանձնացնեմ միայն այն ուշագրավ հանգամանքը, որ գործընկերս՝ Ներսես Խաչատրյանը, ով նաև Քարահունջի դրվագով որպես վկա հարցաքննվեց, դատարանին ներկայացրեց  ձայնագրություններ, որոնք պարունակում էին գործով մյուս վկաների և իր խոսակցությունների բովանդակությունը, սակայն դատարանը ոչ միայն դրանք չկցեց քրեական գործին, այլև նույնիսկ չուսումնասիրեց՝ հասկանալու համար, թե ինչ բովանդակություն պարունակող ձայնագրություն է ներկայացվածը:

- Իսկ ի՞նչ կարևոր բան կար այդ ձայնագրություններում։

- Այդ ձայնագրություններով Քարահունջի գործով վկաներից երկուսը Ներսես Խաչատրյանի հետ զրույցում հայտնում են,  թե իրենց ինչ պահանջներ են ներկայացվել Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի կողմից, ինչպես նաև ենթադրյալ ազդեցության մասին է խոսվում։ Դա, սակայն, դատարանը ոչ միայն չկցեց քրեական գործին, այլև չուսումնասիրեց։

- Դուք պաշտպանում եք նաև Քաջարանի համայնքապետի գործով անցնող մեղադրյալներից Նվեր Մկրտչյանի շահերը, և այդ գործով արդեն նախկին դատավոր Բորիս Բախշիյանի գործը մտել է դատարան, ի վերջո ձեր պաշտպանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ճնշման փորձը փոխկապակցվա՞ծ էր դատարանի որոշման հետ, համաձան որի՝ ձեր պաշտպանյալին անհասկանալի պատճառով կալանավորել էին։

- Նվեր Մկրտչյանին պաշտպանել եմ մինչև այն պահը, երբ իմ կողմից վերջինիս կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը Նվեր Մկրտչյանի կողմից դատարանից հետ վերցվեց, որից հետո հրաժարվեցի շարունակել վերջինիս պաշտպանությունը: 
Ճիշտ է, արդեն հաջորդ՝ 17.12.2021թ. դատական նիստին, երբ դեռևս իմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական նիստ չէր եղել, նույն դատարանը փոխեց Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը՝ ընտրելով անազատության հետ չկապված խափանման միջոց, այդուհանդերձ վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի գնահատականը շատ կարևոր կլիներ:    

Ինչ վերաբերում է Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշման իրավաչափությանը, ապա այն անհիմն է եղել։ Իմ կողմից տվյալ ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով ես ներկայացրել եմ կալանավորման որոշման ապօրինի լինելու վերաբերյալ իմ դիրքորոշումը,  Նվեր Մկրտչյանին կալանավորելու որևէ հիմք առկա չի եղել:

- Բորիս Բախշիյանի գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

- Քանի որ տվյալ գործում առկա ապացույցներին ծանոթ չեմ, զերծ կմնամ որևէ իրավական գնահատական հնչեցնելուց:

- Պարբերաբար խոսվող դատաիրավական բարեփոխումների ընթացքից գո՞հ եք։ 

- Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը դեռևս  գտնվում են իրականացման փուլում, ուստի դրանց արդյունավետության վերաբերյալ դեռևս գոհունակություն դժվար է հայտնել։ Կարծում եմ՝ իրավակիրառ պրակտիկայում հատկապես բարդություններ կառաջացնեն հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում տեղ գտած փոփոխությունները, քանի որ փոփոխությունները կտրուկ են, և դրանցից շատերը դեռևս մեր հասարակության համար խորթ են:

Լիլիթ Թադևոսյան