Վարչապետ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ հատկացված միջոցների չարաշահումներին՝ ասաց, որ քրեական գործ է հարուցվել և ինքը կասկած չունի, որ եթե իր թիմակիցներից ոմանք կներգրավվեն որպես մեղադրյալներ, եթե հանցանք կատարած լինեն։ «Մենք փաստ ունենք, որ այսօր կալանքի տակ է մարդ, ով կալանավորվելու պահին եղել է գործող նախարար, կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, նախարարի տեղակալ, ՔՊ անդամ, ունենք մարդ ով կալանքի պահին եղել է ԳՇ պետի տեղակալ և այսպես շարունակ։ Որևէ մեկը հիմք չունի ասելու, որ Հայաստանում որևէ կոռուպցիոն գործ կա, որ քաղաքական պատճառով չի բացահայտվում։ Եթե քաղաքական պատճառով չբացահայտվող գործ կա, ապա այդ գործերը վերաբերում են ոչ թե մեր, այլ նախկին կառավարությանը։ Սա մեր հասցեին հնչող ամենաշատ և ամենաարդարացի քննադատությունն է։ Այսօր, նախկին իշխանության ներկայացուցիչները ամենատարբեր օղակներում ունեն լծակներ, ծանոթներ կապեր և այպես շարունակ», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով իր եղբոր՝ 4 ընկերության տնօրեն լինելուն, Փաշինյանն ասաց, որ իրականում մեկ ըմկերության խմբում աշխատում է որպես տնօրեն։ «Եթե մենք փայամաս վերցնող լինեինք, այսօր մեր դեմ ցույցեր անողները բոմժ կլինեին։ Եթե փայ վերցնող լինեինք, մարդիկ ի՞նչ գործ ունեին քեշ փողով միտինգ ֆինանսավորեին։ Այսօր մեզ ասում են՝ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ է մտել։ Էս ի՞նչ կասկածելի գործարք էր։ Որպեսզի կասկածելի չլիներ, իմ եղբայրը պետք է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայատեր լիներ, ոչ էլ կաշխատեր, մամուլին էլ կասեր գործազուրկ եմ», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդու նախկին ընկերությունում է իր եղբայրը անցել աշխատանքի և արդյո՞ք չկա կապիտալի վերաբաշխում, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի ընկերությունների 90 տոկոսը Սերժ Սարգսյանի, նրա որդու կամ եղբոր նախկին ընկերություններն են, որտե՞ղ պետք է աշխատի, ու՞մ ընկերությունում մարդ պետք է աշխատի, որ ասենք կասկածելի չէ։ Եթե ԶՊՄԿ-ի տնօրեն լիներ լա՞վ կլիներ, կամ 12 տոկոս փայ ունենար։ Չէիք էլ իմանա դուք։ ԶՊՄԿ-ի փայատերը ՀՀ Կառավարությունն է, ոչ թե վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի եղբայրը։ Հայաստանում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ իմ եղբայրը», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց նաև, որ չկա մի դեպք, երբ ինքը ինչ-որ հրապարակում տեսնի կամ մամուլի հրապարակումները ուղարկեն իրեն ու ինքը չուղարկի ԱԱԾ-ին՝ հանձնարարելով ուսումանսիրություն սկսել։
Ինչ վերաբերում է պաշտոնյաների՝ բնակարաններ առնելուն, Փաշինյանն ասաց, որ միայն 2021 թվականին 22 մլրդ դրամ, 20 հազար մարդու պետությունը վերադարձրել է եկամտային հարկերը, որտեղ կարող են լինել նաև պաշտոնյաներ։ «Ես նաև կոնկրետ դեպքերով պարզաբանումներ եմ պահանջնել պաշտոնյաներից, պարզաբանումներ եմ ստացել գրավոր ձևով և հանձնարարել եմ ստուգել այդ փաստերը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։