Ինչո՞ւ են ուշացվում ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցումները
ՎՏԲ բանկն ամիսներով ուշացնում է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը քաղաքացիների ներդրած դրամական ավանդների փոխհատուցումը։ Այս մասին Civic.am-ը ահազանգ էր ստացել տարեց քաղաքացիներից։

«Ես դիմել եմ փետրվար ամսին, չնայած սահմանված 3 ամիսը վաղուց լրացել է, ինձ ամեն ամիս ասում են՝ հաջորդ ամիս կզանգեն, այդ գումարն ինձ հիմա պետք է, բայց չեմ կարողանում ավանդիս փոխհատուցումը ստանալ»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Գոհար Դերձակյանը։ Նմանատիպ բողոք ներկայացրեց նաև մեզ դիմած Սվետլանա Խաչատուրյանը, որին բանկից պատասխանել էին, թե դիմումատուների թիվ մեծ է, դա է պատճառը, որ փոխհատուցումը ձգձգվում է։ Նշենք, որ այս տարի փոխհատուցում է տրվում 1939 թվականին ծնված ավանդատուներին։ Այդ ընթացակարգի համար Կառավարությունը սահմանել է 90-օրյա ժամկետ։ 
Civic.am-ին ՎՏԲ բանկից մեզ փոխանցեցին, որ ավանդների ստացման ընթացակարգը բավականին բարդ է և ժամանակատար ու այդ պատճառով երբեմն լինում են ուշացումներ։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանեցին, որ այս տարի որոշակի ուշացումներ հնարավոր են՝ պայմանավորված ոչ թե շահառուների մեծ թվով, այլ նրանով, որ ավանդների փոխհատուցումներ ստացող սահմանամերձ համայնքների բնակիչների թիվն ավելացել է, իսկ վերջիններիս առաջնահերթություն է տրվում՝ անկախ նրանից, որ տարիքից ելնելով նրանց ավելի ուշ պետք է հատկացվեին ավանդները։ 

«2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել են սահմանամերձ համայնքները, հետևաբար՝ ավանդների փոխհատուցում ստացող շահառուների թիվը փոփոխվել է։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ նախնական ծանուցում ստացած ոչ սահամանամերձ համայնքների բնակիչների ավանդներ ստանալու ժամկետը հնարավոր է խախտվի, չնայած որ մյուս շահառուները տարիքի բերումով կարող են սահմանամերձ բնակիչներից ավելի վաղ ստացած լինել ավանդի ստացման նախնական ծանուցումը»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։

Թամարա Ղազարյան