Թե ինչ պատճառով եւ ինչի համար է Աղվան Հովսեփյանը գտնվում «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ բժշկական գաղտնիք է․ ՔԲԿ մասնագետ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատավոր այսօր  տեղի է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ 10 ամիս կալանքի տակ գտնվող, 45 տարի արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած 69 ամյա  Հովսեփյանը  դատական նիստին ներկա չէր, քանի որ տեղափոխվել է հանրությանը քաջածանոթ «Իզմիրլյան» ԲԿ, որն այլեւս ասոցացվում է նախկին պաշտոնյաների  «բժշկական ապաստարանի» հետ։ Ա․Հովսեփյանի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ ծանր ընթացքով, վերջինս ստանում է մեծ չափաբաժնով ինսուլին։

Նշենք, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների կողմից։ 

Ի՞նչն է պատճառը, որ աղմկահարույց գործերով քրեական հետապնդման ենթարկվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ ի մասնավորի Աղվան Հոսեփյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, կալանքի տակ գտվելու ընթացքում բժշկական սպասարկում ստանալու համար հայտնվում են ոչ թե, օրինակ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այլ՝ քաղաքացիական հիվանդանոցում եւ հատկապես վերհիշյալ ԲԿ-ում, արդյոք մասնագետների բացակայության եւ բժշկական անբավարար սպասարկման հետեւանքով։  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի  բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը  civic.am-ի հետ զրույցում ասաց, որ  «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն ունի էնդոկրինոլոգ՝ միաժամանակ հավելելով․ «Աղվան Հովսեփյանի բուժումը «Իզմիրլյան» ԲԿ-ում իրականացվում է բոլորվին այլ պատճառով։

Իսկ թե բուժումը հնարավոր է, թե չէ, ապա ասեմ, կա կառավարության համապատասխան որոշում, ըստ որի, յուրաքանչյուր կալանավորված անձ եւ դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից:
Այսինքն՝ մենք  ազատազրկվածի այդ իրավունքը խախտելու իրավունք, համաձայն կառավարության այդ որոշման, չունենք։ Եւ երկորդ՝ ես չեմ կարող ձեզ հայտնել, թե ինչ պատճառով եւ ինչի համար է պարոն Հովսեփյանը հիմա գտնվում «Իզմիրլյան» կենտրոնում, կներեք։ Դա բժշկական գաղտնիք է»։  

Նշենք, որ դատարանին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանը ներկայացրել էր միջնորդություն միջգերատեսչական հանձնաժողովի անդամների թեկնածության եւ նրանց՝ քրեակատարողական հիմնարկի թույլտվության վերաբերյալ։ Այսօր տեղի ունեցած դատական նիտում դատարանը հաստատեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի անդամ-փորձագետների թեկնածությունը։ Ն․Բաբայանը ներգրավվեց որպես փորձագետ։ Որն է լինելու  փորձագետի անելիքը, նա պետք է բժշկական հետազոտու՞մ իրականացնի  Ա․Հովսեփյանի նկատմամբ։  «Դա հանձնաժողովի գործառույթն է, որը սահմանված է կանոնակարգով։ Ըստ գործառույթների շրջանակների՝ այն, ինչով որ պիտի զբաղվի հանձնաժողովը, դրանով էլ զբաղվելու ենք»,-ասաց Բաբայանը։ Նշենք, որ այսօր տեղի ունեցած դատական նիստում  եւս մեկ փորձագետ է ներգրավվել՝ ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի բուժգծով տեղակալ Արթուր Պետրոսյանը։ 

Մեր մյուս հարցին՝ արդո՞ք քաղաքացիական հիվանդանոցում հնարավոր է բուժել դիաբետի այն ծանր ընթացքը, որով տառապում է Հովսեփյանը, Բաբայանը պարզաբանեց․ «Շաքարային դիաբետ հիվանդության բուժումը կախված է կոնկրետ անձինց։ Այսինքն՝ մենք ոչ թե հիվանդությունն ենք բուժում, այլ բուժում ենք պացիենտին։ Մեկ հիվանդի մոտ այդ հիվանդությունը կարող է մի ձեւով ընթանալ, մեկ այլ հիվանդի մոտ՝ մեկ այլ կլինիկական ընթացք ունենալ։ Սա բժշկական մոտեցում է՝ բուժել ոչ թե կոնկրետ հիվանդությունը, այլ հիհվանդին՝ իր ողջ հիվանդություններով հանդերձ։ Դիաբետի ազդեցությունը տարբեր անձանց մոտ տարբեր է․ կարող է մի անձի մոտ թեթեւ դիաբետ լինել, բայց կլինիկորեն համակցված լինի մի քանի այլ հիվանդությունների հետ եւ ավելի խորացված բուժում պահանջի քան՝ ավելի ծանր դիաբետը, որը համակցված չէ այլ հիվանդությունների հետ։ Դիաբետը առաջին հերթին ախտահարում է անոթային համակարգը, իսկ օրգանիզմի  բոլոր օրգան-համակարգերն առանց անոթավորման չեն լինում, հետեւապես՝ դիաբետը, որպես կանոն, տարիների ընթացքում բերում է բոլոր օրգան համակարգերի ախտահարման եւս»։ 
   
Դիաբետի՝ կալանքի հետ համատեղելիության հարցը, ըստ մեր զրուցակցի, «որոշվում է փորձագիտական հանձնաժողովային որոշմամբ»։ «Մենք դիտարկում ենք դիաբետն իր բարդություններով, այսինքն՝ կոնկերտ հիվանդը իր ողջ օրգանիզմի բոլոր ախտորոշումներով ի վիճակի՞ է պահվել կալանքի տակ, թե՞ ոչ։ Դիաբետի փուլեր կան, որոնց դեպքում համատեղելի է կալանքը, կան վիճակներ, որ դիաբետով պայմանավորված բարդություններն այնպիսին են, որ համատեղելի կարող են չլինել։ Կոնկրետ Աղվան Հովսեփյանի մասով ես այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ հանձնաժողովային փորձաքննություն դեռեւս իրականացված չէ։ Այդ փորձաքննությունը մեկ օրվա, մեկ ժամվա խնդիր չի»։ Թե երբ են պատաստվում իրականացնել փորձաքննությունը՝ Բաբայանը մանրամասնեց, քանի որ դա, իր ասելով,  գաղտնիք է։     

Նշենք, որ ըստ կառավարության վերոհիշյալ որոշման՝ մասնավորապես շաքարային դիաբետով բոլոր հիվանդները, վերջիններիս համաձայնության դեպքում, պետք է անցնեն ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն (գլյուկոմետրիա), տարեկան մեկ անգամ մեզի ընդհանուր քննություն (գլյուկոզայի և սպիտակուցի որոշմամբ) և ակնահատակի զննում` ակնաբույժի կողմից: Բուժող բժշկի կողմից այդ հետազոտությունների թիվը և տեսակները կարող են փոփոխվել` ելնելով հիվանդի առողջական վիճակից և անհրաժեշտությունից:

Շաքարային և ոչ շաքարային դիաբետ ախտորոշումները հաստատվում են մասնագիտացված ախտորոշիչ բժշկական կազմակերպությունների կամ պոլիկլինիկաների բժիշկ-էնդոկրինոլոգներով համալրված կաբինետների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման ծառայություներ մատուցող բժշկի կողմից:

Հավելենք նաեւ, որ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ, ըստ սույն որոշման, նշված են մասնավորապես հետեւյալները՝ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ (ծանր ձև), շաքարային դիաբետ` կետոացիդոզով,  դիաբետիկ նեֆրոպաթիա (հիպերտոնիկ կամ նեֆրոտիկ ձև)՝ տերմինալ փուլում։ 

Հեղինե Մանուկյան