Դատախազությունը բողոքարկել է «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը
«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։

Բողոքը ներկայացրել է գործով հանրային մեղադրող (դատախազ) Սեւակ Պողոսյանը։ Վերջինս պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ առեւանգման փորձի մեջ նրանց մեղավոր ճանաչելով, դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով եւ նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը Վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է։ Ըստ այդմ, նախագահող դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը, կազմում են դատավորներ Արսեն Նիկողոսյանը եւ Վազգեն Ռշտունին։

Աղբյուր՝ infocom.am