Կորոնավիրուսային պատվաստումների և ՊՇՌ բացասական կեղծ տեղեկանքների գործերով հարուցված քրեական վարույթներով կա մեղադրական 2 վճիռ՝ 5 անձի վերաբերյալ․ ի՞ նչ փուլում են մյուս վարույթները
2020 թվականի մարտից Հայաստանում մոլեգնած կորոնավիրուսային համաճարակը խնդիրներ էր առաջացրել ոչ միայն առողջապահական և սոցիալական, այլև կոռուպցիոն բնույթի․ բժշկական հաստատությունների որոշ աշխատակիցներ կեղծ բացասական պատասխաններ էին վաճառում։

Պատվաստանյութերի ի հայտ գալուց հետո էլ պատվաստված լինելու կեղծ հավաստագրերը դարձան առևտրի առարկա։ 
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կեղծ հավաստագրերի տրամադրման առաջին դեպքի մասին ոստիկանությունը հայտնեց նախորդ տարվա օգոստոսին։ Ըստ ոստիկանության, Երևանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժն իր ծանոթին կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով պատվաստված լինելը հաստատող փաստաթուղթ էր տվել գումարի դիմաց։ Հետագայում արդեն ոստիկանությունը բազմաթիվ նմանօրինակ բացահայտումներով հանդես եկավ, քրեական գործեր հարուցվեցին, բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին։ 

Civic.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից պարզեց, որ «Covid-19»-ով վարակված լինելու կամ չլինելու, նշված հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, իրացնելու կամ օտագործելու դեպքերի առթիվ  ՀՀ նախաքննական տարբեր մարմիններում ներկայումս քննվում է 54 քրեական վարույթ։ Դատախազությունը տեղեկացնում է նաև, որ նշված քրեական վարույթներով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցված 41 անձի նկատմամբ, և նրանցից որևէ մեկի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառված չէ։

««Covid-19»-ով վարակված լինելու կամ չլինելու, նշված հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, իրացնելու կամ օտագործելու դեպքերի առթիվ հարուցված 4 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։ 2 քրեական գործով՝ 5 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մնացած գործերով դատական քննությունը շարունակվում է», - Civic.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

Նշված 5 անձանցից մեկը «Երանոսի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի իմունիզացիայի բուժքույր Նելլի Մոսոյանն է։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Երանոսի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի իմունիզացիայի բուժքույր և «Քովիդ 19» համավարակի դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ՝ առանց ներարկումներ կատարելու, տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումային կեղծ քարտեր:

Ըստ Datalex դատական տեղեկատվական հարթակի՝ Նելլի Մոսոյանը մեղավոր է ճանաչվել  բոլոր երեք դրվագներով՝ յուրաքանչյուր դրվագի համար դատարանը որոշել է ամբաստանյալին որպես պատիժ նշանակել 200.000-ական դրամի չափով տուգանքով։ Պատիժները մասնակի գումարելով՝ ամբաստանյալ Նելլի Վահանի Մոսոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Մյուս գործով, դատարանը Ակսել Բորիսի Թադևոսյանին, Արմեն Դավիթի Խաչատրյանին, Հակոբ Ռուդիկի Օհանյանին և Սևակ Գուրգենի Ասատրյանին մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ վերջիններս ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխություններով նախատեսված ՀՀ մուտք գործելու կարգը շրջանցելու նպատակով ժամանելով Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ ժամանման սրահում օգտագործել են քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և անձի կողմից նշված որոշմամբ սահմանված, իրավունք վերապահող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող ակնհայտ կեղծ սետիֆիկատ և դրա կեղծ լինելու հանգամանքը պարզվել է ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի աշխատակից՝ Արման Աղիկյանի կողմից ստուգման ենթարկելու արդյունքում: Ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է պատիժ՝ տուգանք 200.000-ական  ՀՀ դրամի չափով:

Չնայած քրեական վարույթներ հարուցելուց անցել է շուրջ մեկ տարի, սակայն ընդամենը 2 քրեական գործով է դատարանը վճիռ կայացրել։
Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում ամբողջական պատվաստվել է 1 մլն 18 հազար 858 քաղաքացի։ Թե նրանցից իրականում քանի՞սն է իսկապես պատվաստվել, մնում է միայն ենթադրել։ Այս պահին պատվաստումային գործընթացը Հայաստանում ևս ընթանում է, սակայն տեմպերն էականորեն նվազել են։ 

Վովա Հակոբյան