Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում քննվող հերթական գործով ծանուցագրեր են ուղարկվել պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ Զարզանդ Գրիգորյանին, և նրա կնոջը՝ Կարինե Գրիգորյանին։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Զարզանդ Մերուժանի Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- մասնավորապես նշված է Կարինե Գրիգորյանին ուղարկված ծանուցագրում։
Տիկին Գրիգորյանն իր 2021թ. հայտարարագրում (Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնում մինչև 2021 թվականը պաշտոնավարած ամուսնու՝ Զարզանդ Գրիգորյանի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիր) իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող երկու հողամաս, մեկ անհատական բնակելի տուն և արտադրական նշանակության մեկ շինություն է հայտարարագրել։ Հիշյալ բոլոր գույքերի գտնվելու հասցեն Արշալույս համայնքն է, բոլոր գույքերը տիկինը գնել է 2018 թվականին։
Կարինե Գրիգորյանը որպես ծախս հայտարարագրել է նաև վարկի մարմանն ուղղված վճարումները, որոնք կազմել են համապատասխանաբար 25 մլն 599 հազար 100 դրամ և 7 հազար 310 ԱՄՆ դոլար։ Տիկինը որպես եկամուտ՝ աշխատավարձ և այլն, ոչինչ չի հայտարարագրել։
Ինքը՝ Խոյ խոշորացված համայնքի ղեկավարի կողմից 2022թ. Արշալույսի վարչական ղեկավար նշանակված Զարզանդ Գրիգորյանը, ևս մի քանի շարժական և անշարժ գույք է հայտարարագրել իր 2021թ.՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրում։ Մասնավորապես՝ իրեն միանձնյա սեփականությամբ պատկանող հասարակական նշանակության 1 շինություն, արտադրական նշանակության 1 շինություն, 2 ավտոտնակ, 4 հողամաս։ Հողամասերն ու ավտոտնակները նախկին համայնքապետը գնել է 2012թ.-ին, հասարակական և արտադրական նշանակության շինությունները համապատասխանաբար՝ 2002 և 2007 թվականներին։ Նշված բոլոր գույքերը Արմավիրում են՝ Վաղարշապատ, Արշալույս, Գեղակերտ համայնքներում։
Զ. Գրիգորյանը հայտարարագրել է նաև 2005թ. արտադրության HUMMER մարդատար ավտոմոբիլային միջոց, որը վերջինս գնել է 2010 թվականին, 2009թ. արտադրության VAZ, որը վերջինս գնել է 2012թ.-ին, և 2006թ. արտադրության MERCEDES-BENZ, որը Գրիգորյանը որպես նվիրատվություն ստացել է 2018 թվականին։
Որպես եկամուտ Արշալույսի նախկին գյուղապետը հայտարարագրել է 15 միլիոն դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար, աշխատավարձը՝ 4 մլն 775 հազար 455 դրամ։ Որպես փոխառություն էլ Արշալույսի նախկին համայնքապետի հայտարարագրում նշված է (մնացորդի չափը) 12 մլն դրամ:
Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է։ Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեում մեկ տարի առաջ Գրիգորյան եղբայրները հարցաքննվել են 1994թ. ապրիլին Արմավիրի մարզում սպանված Էջմիածնի 36-ամյա բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանի գործով: Գործն այժմ
դատարանում է:
Զարզանդ Գրիգորյանը ևս քրեական հետապնդման է ենթարկվում, նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը 2020թ.-ից քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Զ. Գրիգորյանն Արշալույս համայնքի ավագանու անդամ Ասատուր Սերոբյանի համար ցանկալի վիճակ ստեղծելու նպատակով վերջինիս կնոջը՝ Կարինե Ֆիդանյանին, 2014թ. նշանակել է «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Մինչդեռ վերջինս չի ունեցել բարձրագույն կրթություն:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի՝ Զարզանդ Գրիգորյանը Կարինե Ֆիդանյանին նշանակել է «Արշալույս մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի՝ Կարինե Ֆիդանյանը հիշյալ և «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում պաշտոնավարել է մինչև 2018թ. հուլիսի 11-ը: «Արդյունքում խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը՝ էական վնաս պատճառելով դրան, այն է՝ խախտվել է կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Ելենա Ազատյան