Վայոց ձորի նախկին մարզպետի նախկին օգնականի եղբոր դեմ ցուցմունք տված զինվորականները մեղադրվում են սուտ մատնության մեջ. փաստաբան
«Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների դեմ սուտ մատնության (զուգորդված առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով) հատկանիշներով կնախաձեռնվի քրեական վարույթ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Զավեն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանը։ 

Հիշեցնենք, որ Զավեն Գրիգորյանը ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղավոր ճանաչված և 5 տարվա ազատազրկման դատապարտված Վայոց ձորի մարզպետի նախկին օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է։ Այս գործով Զավեն Գրիգորյանը հինգ ամսով կալանավորվել էր, այնուհետև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ «Երբ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քննիչը որոշում կայացրեց նաև սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ չհարուցել զինվորականների նկատմամբ։ Զինվորականներն այն անձինք էին, ովքեր ցուցմունք էին տվել Զավենի դեմ, թե իբր դեպքի վայրում տեսել են նրան, տեսել են, թե ինչպես է Զավենը հարվածում Արա Մխիթարյանին և այլն։ Հետո մենք դա բողոքարկեցինք դատախազին, դատախազը մերժեց մեր բողոքը, մենք բողոքարկեցինք դատարանում։ Դատարանն այսօր՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարեց մեր բողոքը»,- ասաց Լևոն Սահակյանը։ 

Հիշեցնենք նաև, որ սույն զինվորականները այն նույն զինվորականներն էին, որոնք պնդում էին, որ դեպքի վայրում տեսել են Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, պնդում էին, որ ոմն Մուշեղ Ներսիսյանի էին տեսել դեպքի վայրում, բայց երկու անձանց մասով նույնպես տեսաձայնագրություններով ապացուցվեց, որ նրանք չեն եղել դեպքի վայրում։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այն արարքում, որի համար մեղադրվում են զինվորականները, նրանց սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում: 

Լիլիթ Թադևոսյան