Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանի՝ անհայտ անձանց կողմից բռնության ենթարկվելու փաստը, անխոս, դատապարտելի է, ինչպես որ բռնության ցանկացած դեպք՝ ում հանդեպ էլ այն տեղի ունեցած լինի՝ շարքային քաղաքացուց մինչև հանրային հայտնի դեմք կամ պետական պաշտոնյա։ Պարոն Ղազարյանի գաղափարակիցներն ու համակիրները, նկատենք, նրա հետ տեղի ունեցածը, ինչպես և սպասվում էր, քաղաքականացրին՝ ընդգծելով վերջինիս «իշխանությանը հակադիր կարծիք ունենալու» փաստը, և բռնության հետևում տեսան «իշխանության ականջները»։ Պարոն Ղազարյանն ինքն էլ շտապեց ծեծի փաստը կապել իր քաղաքական կեցվածքի հետ և շտապեց նախաքննությունից առաջ ընկնել՝ որպես «պատվիրատու» համարելով իշխանությանը։
Մինչ իրավապահ մարմինները կզբաղվեն դեպքի նախաքննությամբ և մեղավորներին պատասխանատվության կկանչեն, արձանագրենք, որ ընդդիմությունը զբաղված է բռնության քաղաքականացմամբ, և որ ամենամտահոգիչն է՝ այդ զազրելի երևույթը ընտրողական գնահատականի արժանացնելով՝ «յուրայինների» նկատմամբ բռնությունները օպերատիվ կերպով դատապարտում է, իսկ այ «ոչ յուրայինների», այսինքն՝ իշխանության համակիր համարվողների կամ իշխանության ներկայացուցչների նկատմամբ բռնության դեպքերն ու սպառնալիքները՝ չտեսնելու տալիս։ Ավելի ճիշտ՝ անթաքույց կերպով խրախուսում։ Հիշենք մի քանի ամիս առաջ՝ «Դիմադրություն» շարժման օրերին, տեղի ունեցած բռնության դեպքերը, որոնք բռնությունը ընտրողաբար դատապարտողների կողմից որևէ գնահատականի չարժանացան։ Ապրիլի 27-ին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Լեոյի փողոցի մոտ հարձակման էր ենթարկվել «Դիմադրություն» շարժման մասնակից ցուցարարների կողմից, նրա հասցեին հնչեցրել էին սեռական բնույթի հայհոյանքներ ու տարաներ նետել վերջինիս ուղղությամբ։ Կատարվածին միջամտել էր Արարատի մարզի 49-ամյա բնակիչը և ստացել մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Այս դեպքից մի քանի օր անց էլ՝ մայիսի 4-ին, ընդդիմության երթի մասնակիցները «թուրք» և այլ վիրավորական արտահայտություններ բացականչեցին փողոցով քայլող դերասան Սոս Ջանիբեկյանի հասցեին և շշեր նետեցին նրա ուղղությամբ։
Ընթերցողը կհիշի նաև Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու զազրելի դեպքը ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչների կողմից։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ, գործով անցնողներից մեկն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ այժմ կալանքի տակ գտնվող որդին է։ Այս գործով ևս 6 անձ ամբաստանյալի կարգավիճակ ունի։ Նկատենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Մանուկյանը դեպքից հետո հայտարարել էր. «Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար, նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր։ ...Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումրեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոնք ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ երբ ավտոերթի մասնակիցները ավտոերթի ընթացքին հետևող անձանց՝ տարեց քաղաքացիներին, կոչ են արել «միացեք մեզ», ի պատասխան ստացել են վերջիններիս բացասական պատասխանը։ Ավտոերթի մասնակցի կողմից նույն անձանց հասցեին հնչեցվել է գյումրեցիների՝ «թուրք» լինելու վերաբերյալ վիրավորական արտահայտությունը, որին ի պատասխան՝ տարեց մարդկանցից մեկը՝ Համլետ Մարտիրոսյանը, իր մոտ եղած հավկիթները նետել է ավտոմեքենաների ուղղությամբ, ավտոերթի մասնակիցներն էլ, այդ թվում՝ Մանուկյանի որդին, մոտեցել են վերջիններիս և «չնչին առիթն օգտագործելով՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն՝ հասարակական վայրում և հասարակության անդամների ներկայությամբ սկսել են վիճաբանել» տարեց քաղաքացիների հետ, բարձրաձայն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նրանց նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, այդ ընթացքում էլ ամբաստանյալներից մեկը՝ Վելիխան Սաղաթելի Խլղաթյանը, ձեռքով հարվածել է Համլետ Մարտիրոսյանին:
Ի դեպ, բռնության զոհ դարձած նույն Էդգար Ղազարյանը վերոհիշյալ դեպքերից հետո «Առավոտ»-ի եթերում, ի պատասխան հարցի՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Մարտիրոսյանի, Ջանիբեկյանի նկատմամբ բռնության դեպքերը, պատասխանել էր. «Ես կարծում եմ, որ վերջին իրադարձություններին միակ բռնության դրսևորումները իրականացվել են ոստիկանության կողմից ակցիաներ իրականացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Եթե Սոս Ջանիբեկյանի հասցեին որևէ մեկը ինչ-որ արտահայտություն է հնչեցնում, կոնկրետ նրա պարագայում դա նույնիսկ կարող ա ընկալվել որպես կոմպլիմենտ։ Կամ, չգիտեմ, «Անտարեսի» էդ տնօրենին»։ Այսինքն՝ դուք արդարացնում ենք այն, ինչ կատարվում է մյուս քաղաքացիների նկատմամբ՝ թեկուզ հակառակ տեսակետ ունեցող քաղաքական ուժին հարող՝ լրագրողի ճշտմանը նախկին դեսպանը որոշում է ցրողական պատասխան տալ. «Ես չեմ արդարացնում բռնության որևէ դրսևորում, բայց նաև ասում եմ՝ տվյալ դեպքում ես ականատես չեմ եղել որևէ... այսինքն՝ եթե նրա հասցեին որևէ խոսք են հնչեցնում, ապա ես իմ ֆեյսբուքի էջում կարող եմ ցույց տալ էն մարդկանց, թե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ինչ վիրավորանքներ ու հայհոյանքներ են հորդում իմ հասցեին, որոնցից չորսով հիմա հարուցվել ա քրեական գործ»։
Ի դեպ, պարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախկին դեսպանը, մեղմ ասած, չունի «մաքուր բերան», իշխանության ներկայացուցիչների հասցեին արտահայտվելիս դիմում է իրեն հոգեհարազատ «ժանրին»՝ գռեհկախոսությանն ու վիրավորանքին, ստին ու տարատեսակ մանիպուլյացիաներին։ Հարկ է նշել, որ նրա գրառումների տակ նույնպես «կոյուղային բառապաշարով» արված «քոմենթների» «հրավառություն» է, որոնց հեղինակներին իրեն հայհոյողների դեմ բողոք ներկայացնող պարոն Ղազարյանը մեկումեջ նաև «լայքում» է։ Վերջին գռեհկախոսությունը ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ է. դասախոս, չորս զավակի հայր Ղազարյանը վերջինիս անվանել է «կենդանի»՝ «Հայաստանի մայրաքաղաքում, օրը ցերեկով, բացառապես իր քաղաքական հայացքների համար, հասարակական-քաղաքական գործչի մահափորձի դեպքի առիթով» չարձագանքելու համար։
Քննչական կոմիտեից civic.am-ին հայտնեցին, որ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքով գործը Քննչական կոմիտեում ընդունվել է վարույթ՝ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։ «Ղազարյանին հրավիրել են բաժին՝ հարցաքննության, բայց թե ինչ է եղել՝ մանրամասների մասին ասել չեմ կարող»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ելենա Ազատյան