Իրանն ու Ադրբեջանը նոր զորավարժություն են անցկացնում

Ադրբեջանի և Իրանի զինվորականներն Իրանի Արդաբիլ նահանգում սկսել են «Արազ-2024» քառօրյա համատեղ զորավարժությունները։


2 երկրի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են Ասլանդուզի շրջանում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։


Մինչ զորավարժությունների մեկնարկը երկու երկրների պատվիրակությունների բարձրաստիճան անդամների մասնակցությամբ հրամանատարաշտաբային խորհրդակցության ժամանակ որոշվել է զորավարժությունների փուլերի և դրվագների հաջորդականությունը, բացատրվել են անվտանգության կանոնները։


Նշենք, որ Իրանն ու Ադրբեջանը ընթացիկ տարում երրորդ անգամ են զորավարժություն անցկացնում, իսկ այս ամսում՝ երկրորդ անգամ։ Կողմերը նոյեմբերի 4-ին ծովային ուժերի մասնակցությամբ զորավարժություն են անցկացրել Կասպից ծովում, իսկ նախորդ անգամ հունիսին Արաքսի ափին՝ իրանական Արևմտյան Ատրպատականի և Նախիջևանի սահմանին։