ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից եղել է «շատ մեծ սխալ»։
«G7-ը նախկինում G8 էր։ Բարաք Օբաման և մի մարդ՝ անունով Թրյուդո, չէին ցանկանում Ռուսաստանը։ Կարծում եմ՝ դա շատ մեծ սխալ էր», — ասել է Թրամփը Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ «յոթնյակում» շատ են խոսում Մոսկվայի մասին, սակայն Ռուսաստանը բացակայում է բանակցությունների սեղանից։ Ռուսաստանի թեման դարձել է առաջինը, որին անդրադարձել է Սպիտակ տան ղեկավարը գագաթնաժողովից առաջ։
Թրամփը նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Իրանը «չի հաղթում» Իսրայելի հետ ներկայիս էսկալացիայի պայմաններում։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչ պայմաններում կարող է Վաշինգտոնը ռազմական միջամտություն ցուցաբերել։ Թրամփը նշել է, որ Թեհրանը պատրաստակամություն է ցուցաբերում երկխոսության, սակայն այդ քայլը պետք է արվեր ավելի վաղ։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը միշտ աջակցել է Իսրայելին, որը «այժմ լավ դիրքում է»։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը անցկացվում է Կանադայի Կանանասկիս քաղաքում՝ հունիսի 16-17-ը։ Մասնակցում են Գերմանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, ինչպես նաև Եվրամիության և հրավիրված գործընկեր երկրների ներկայացուցիչներ։