ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից անցկացվող «ընտրությունները». Բլինքեն
ԱՄՆ-ը չի ճանաչի կեղծ «ընտրությունները», որոնք Ռուսաստանն անցկացնում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացվող կեղծ ընտրությունները ոչ լեգիտիմ են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան ցանկացած տարածքի նկատմամբ: Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ռուսաստանում սեպտեմբերի 10-ին կկայանա քվեարկության Միասնական օրը։ Ռուսաստանի իշխանությունները որոշել են «ընտրություններ» անցկացնել նաև օկուպացված տարածքներում։

Կիևն ավելի վաղ սպառնացել էր քրեական հետապնդում իրականացնել նրանց դեմ, ովքեր կմասնակցեն դրան։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Վաշինգտոնը միջամտում է Ռուսաստանի ներքին գործերին՝ օկուպացված տարածքներում ընտրությունները անվանելով ոչ լեգիտիմ։