Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծին
Պաշտոնական
17:04, 13 июль 2023
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի՝ օրենքների նախագծերով կարգավորվում են զենքի շրջանառության ոլորտում ի հայտ եկած խնդիրները եւ վերացվում են առկա իրավական անհամապատասխանությունները:

Փոխնախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի երկու առաջարկություն, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի նոր օրենսդրական նախաձեռնություն, որը, ըստ նրա, հիմնովին կլավարկի բնագավառը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նշել է, որ զենքի թույլտվության ժամկետի երկարաձգման հետ կապված հաճախ առաջանում են բյուրոկրատական խնդիրներ, ինչն անընդունելի է:

Ի պատասխան գործընկերոջ դիտարկմանը՝ Վիլեն Գաբրիելյանը փաստել է, որ օրենսդրական փաթեթով զենքի թույլտվության ժամկետը 5-ի փոխարեն սահմանվում է 10 տարի:

Արփինե Սարգսյանը նշել է, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կլուծվեն բոլոր խնդրահարույց հարցերը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել լրամշակված նախագծերի փաթեթին: