Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կայանալիք ավագանու ընտրություններից առաջ մեկնարկեց լռության օրը՝ այսօր և վաղը քարոզչությունը կարգելվի

Երևանում կայանալիք ավագանու ընտրություններից առաջ մեկնարկեց լռության օրը՝ այսօր և վաղը քարոզչությունը կարգելվի
Քաղաքականություն
00:00, 16 сентябрь 2023
Սեպտեմբերի 17-ին Երևանում կայանալիք ավագանու ընտրություններից առաջ մեկնարկեց լռության օրը։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, քաղաքական ուժերը քարոզչություն չեն անի՝ թույլ տալով ընտրողներին ի մի բերել մտքերը՝ որոշելու՝ ում տան իրենց ձայնը։ 

Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով։ 

Օգոստոսի 23-ից մեկնարկած քարոզարշավը բավական թեժ անցավ՝ քաղաքապետի թեկնածուները հանրային հարթակներով հնարավորինս ներկայացրին իրենց ծրագրերը, նպատակներն ու անելիքները։   

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված կուսակցությունները 14-ն են՝
«Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը,
«Հանրային ձայն»-ը՝ Արտակ Գալստյանի գլխավորությամբ,
«Արդար Հայաստան»-ը՝ Նորայր Նորիկյանի,
«Հաղթանակ»-ը՝ Վիկտոր Մնացականյանի,
«Ուժը հայրենյաց»-ը՝ Նելլի Հարությունյանի,
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը՝ Տիգրան Խզմալյանի,
«Ազգային առաջընթաց»-ը՝ Հայկ Մարությանի,
«Հանուն սոցիալական արդարության»-ը՝ Արման Ղուկասյանի,
«Հանրապետություն»-ը՝ Արտակ Զեյնալյանի,
«Միացյալ Հայաստան»-ը՝ Երվանդ Թարվերդյանի,
«Լուսավոր Հայաստան»-ը՝ Դավիթ Խաժակյանի,
«Ժողովրդավարական համախմբում»-ը՝ Սուրեն Պետրոսյանի,
«Ապրելու երկիր»-ը՝ Մանե Թանդիլյանի,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։