Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ նպատակով է ՀՀ նախկին իշխանությունը գեներացնում Արցախի վտարանդի կառավարության թեման. Ալիևին թիրախավորել և խոսք չասել նրա հովանավոր Պուտինի մասին՝ ամենամեծ կեղծիքն է. իրավապաշտպան

Ի՞նչ նպատակով է ՀՀ նախկին իշխանությունը գեներացնում Արցախի վտարանդի կառավարության թեման. Ալիևին թիրախավորել և խոսք չասել նրա հովանավոր Պուտինի մասին՝ ամենամեծ կեղծիքն է. իրավապաշտպան
Քաղաքականություն
18:48, 17 октябрь 2023
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը արդեն մի քանի շաբաթ է՝ ՀՀ-ում է, սակայն որևէ հայտարարությամբ, ասուլիսով հանդես չի եկել և որևէ պարզաբանում չի տվել առ այն, թե ինչու և կամ ում պարտադրանքով է ստորագրել այն չարաբաստիկ հրամանագիրը, որով ազդարարվում է Արցախի պետական ինստիտուտների և մինչև հունվարի 1-ը «Արցախի Հանրապետություն» պետական միավորման լուծարումը, ինչը ենթադրում է, որ Արցախը վերածվում է սոսկ ֆիզիկական տարածքի՝ առանց իրավաքաղաքական կարգավիճակի: Դա ստորագրելիս Արցախի նախագահը հղում է արել  Արցախում ստեղծված իրավիճակին և մի շարք այլ հանգամանքների, թե՝ «ռազմաքաղաքական ծանր իրավիճակ», «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթություն», «ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություն»,  ինչպես նաև՝ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ երթևեկն ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով»,  որոշում է ընդունվել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։ Նկատենք, որ սույն հրամանագիրը, ինչպես դրա վերջին տողում է նշված, ուժի մեջ է մտնում անմիջապես՝ հրապարակվելու պահից։ Ասել է թե՝ այն արդեն իսկ ուժի մեջ է, և ԱՀ լուծարումը պրոցեսում է։  

Մինչ մասնագիտական հանրությունը հակասահմանադրական է որակում սույն հրամանագիրն ու Արցախի նախագահին մեղադրում իր լիազորությունները վերազանցելու մեջ՝ նախագահը իրավունք չուներ ժողովրդի կամարտահայտությամբ ձևավորված հանրապետությունը միանձնյա լուծարել, ՀՀ-ում նրա ընտրությունը ողջունած քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են «հետողորմեա» անել հրամանագիրը, փաստորեն առ ոչինչ համարել  Արցախի պետական ինստիտուտների լուծարումը, ինչը նշանակում է, որ դրանք պետք է շարունակեն իրենց գոյությունը ՀՀ տարածքում՝ վերակազմակերպվելով որպես Արցախի վտարանդի կառավարություն, ԱԺ և այլ ինստիտուտներ։  Սակայն՝ ի՞նչ իրավական հիմքով, արդյոք նորից որևէ մեկի հրամանագրո՞վ, թե՞ ՀՀ-ում գտնվող արցախահայության կամարտահայտությամբ։ Հատկանշական է, որ ՀՀ-ում են գտնվում մասնավորապես ԼՂՀ ԱԺ պատգամավորները, պետնախարարը, նախարարները և մի շարք այլ բարձրաստիճան նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնք ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում կոնսպիրատիվ հավաքներ են կազմակերպում, քննարկումներ ծավալում, սակայն  թե ինչ բովանդակություն են կրում այդ հանդիպում-քննարկումները՝ այդպես էլ մնում է գաղտնիք։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է՝ «ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ», ապա նշել, որ «Արցախի պետական ինստիտուտները՝ նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն»։  Թե ինչ իրավական հիմքով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը  չի նշել։ 
 
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանն էլ փորձել է մի կողմից՝  հիմնավորել Արցախի նախագահի հրամանագրի ստորագրումը՝ այն համարելով իրավիճակի թելադրանքով  ստորագրված փաստաթուղթ, մյուս կողմից էլ՝ այն որակել է «աբսուրդի ժանրից»,  «թղթի կտոր»՝ խոսելով դրա չեղարկման հնարավորությունների մասին. «Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա, մեղմ ասած, ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է, և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էին դա չեղարկելու ճանապարհները: Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է: Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց: Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ և մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ, որտեղ դեռ 100 հազ.-ից ավելի մարդ կար»,- նշում է Աբրահամյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչո՞ւ  նման ներխուժումը պետք է թույլ տար Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմը, և նշանակո՞ւմ է արդյոք, որ ՌԴ հատւկ ծառայությունների «դաբրոյով» (ըստ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի)  ընտրված և իրենց՝ ՀՀ ընդդիմադիրների կողմից ողջունված  ԱՀ նախագահը սույն հրամանագիրը ստորագրել է շանտաժի ենթարկվելով։  Ընդդիմադիր պատգամավորը հավելել է նաև, թե «պետք է դիտարկել հրամանագրի  չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները»: Չեղարկել արդեն ուժի մեջ մտած հրամանագիրը՝ նշանակում է առ ոչինչ համարել դրանով նախատեսված՝ Արցախի բոլոր պետական ինստիտուտների լուծարման գործընթացը և ապահովել դրանց գործունեությունը։ Սակայն որտե՞ղ՝ Արցախո՞ւմ, որի կառավարական հաստատություններն արդեն իսկ օկուպացվել են Ադրբեջանի կողմից, դրանց վրա արդեն իսկ ծածանվում է այդ երկրի  դրոշը, Ալիևն էլ Արցախի դրոշի պղծմամբ օրերս մուտք է գործել այդտեղ, թե՞ ՀՀ-ում կամ երրորդ երկրում։ Այս գաղափարի ջատագովները մեծ հավանականությամբ որպես Արցախի վտարանդի կառավարության գործունեության վայր դիտարկում են  ՀՀ-ն։ 

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն օրերս էր 1in.am-ի եթերում հայտարարել, թե նման՝ վտարանդի կառավարություն ձևավորելու գաղափարը ոչ միայն  «ժամանակավրեպ է և ոչ նպատակահարմար, այլև չափազանց վտանգավոր՝ ստեղծված իրավիճակում»։ «Ինչո՞ւ, որովհետև ադրբեջանական ողջ պետական մեքենան, քարոզչությունը, դիվանագիտությունը, որի հետևում կանգնած է Թուրքիան, շարունակում են ՀՀ-ին մեղադրել «ոչ կառուցողականություն» ցուցաբերելու մեջ։ Եվ այս իրավիճակում եթե Երևանում ստեղծվի որևէ կառույց, որը կկոչվի Արցախի վտարանդի կառավարություն կամ խորհրդարան, անպայման, ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ներգրավված բոլոր կողմերի գնահատականը լինելու է բացասական, ինչը դժվարացնելու է ՀՀ բանակցային դիրքորոշումը, կողմնորոշումը՝ հավելյալ մարտահրավերներ է բերելու ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին։ Խնդիրն այստեղ բնավ ՀՀ գործող իշխանությունների և Արցախի նախկին իշխանությունների հարաբերությունների դաշտում չէ, այլ նրանում, որ Արցախից հեռանալուց առաջ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու մասին,  լուծարել Արցախի պետականությունը։  Այսօր Երևանում քննարկվում է վերստին ԼՂՀ ստեղծելու գաղափարը, որը, կրկնում եմ, օպտիմալ չէ, արդիական չէ»,- նշել էր Աթանեսյանը։  

Իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր դիտարկման՝ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են գեներացնել Արցախի վտարանդի կառավարության՝ պետական մարմինների գործունեության թեման, արդյոք սա մարտահրավերներ չի՞ պարունակում՝ հաշվի առնելով, որ ենթադրյալ վտարանդի կառավարությունը  ոչ թե երրորդ երկրում, այլ ՀՀ-ում է գործելու, արձագանքեց. «Այդ խոսույթի հիմնական դերակատարը՝ ի դեմս ՀՅԴ-ի, արդեն պատմության մեջ փորձ ունի՝ ստորագրելով կապիտուլյացիոն համաձայնագիր՝  հանձնել պետությունն ու հեռանալ՝ դրսում սկսելով իբրև թե պայքարը. ես նկատի ունեմ 1920 թ. հայտնի իրադարձությունների զարգացումները, (Դրո)-Լեգրան  պայմանագրի կնքումը և փաստացի պետության հանձնումը բոլշևիկներին։ Ինձ համար զարմանալի չէ, որ նախկին իշխանության կողմից բացարձակապես որևէ խոսք, գնահատական չկա Շահրամանյանի ստորագրած այդ հրամանագրի բովանդակության վերաբերյալ՝ այն չեն անվանում «կապիտուլյացիա», և միաժամանակ՝ խոսք չկա  ՌԴ-ի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման մասին։ Եվ այս համատեքստում՝ ի՞նչ է նշանակում վտարանդի կառավարության ձևավորում, այդ ի՞նչ խնդիրներ լուծելու համար։ Նման բան կար Վրաստանում՝ Աբխազիայի վտարանդի Գերագույն խորհուրդ կար, կառավարություն կար և այլն, սակայն բոլորովին այլ կոնտեքստում։ Արցախի  պարագայում ՀՀ-ում նման վտարանդի կառավարության ստեղծումը անհեթեթություն է, որովհետև ՌԴ-ի, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը դեռևս շարունակում են մնալ ԼՂ-ում, ու այդտեղ Ադրբեջանի դրոշն է բարձրացվել։ Այդ դեպքում ես ուզում եմ հարց տալ՝ բա հենց այդ խաղաղապահնե՞րը չպետք է ապահովեին ԼՂՀ գոյությունը, թույլ չտային այդ սանձարձակությունը՝ էթնիկ զտումը, մի խոսք հնչե՞լ է այդ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Թիրախավորել միայն Իլհամ Ալիևին և մոռացության մատնել նրա թիվ մեկ հովանավորին այդ ամենում՝ Վլադիմիր Պուտինին, ամենամեծ կեղծիքն է, որը գոյություն ունի հիմա, և ամենամեծ վնասը՝ ընդհանրապես, որը չի բխում առաջին հերթին ՀՀ-ի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից, և երկրորդ՝ թաղում է ԼՂ քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք, իրենց տները վերադառնալու հույսը, որովհետև այնտեղ թիվ մեկ պատասխանատուն (անվտանգության առումով-խմբ.) եղել է խաղաղապահ զորախումբը։ Եվ այս տեսանկյունից ես լիովին համաձայն եմ այն դիտարկմանը, թե՝ տարօրինակ էր, թե ինչպես կարելի էր խաղաղապահ զորակազմի և Արցախի իշխանության ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնագիր կոչված փաստաթղթում նշել, որ ԼՂ-ում գտնվում են  ՀՀ զինված ուժերը։ Դրանից ավելի մեծ արդարացում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված զինված հարձակման վերաբերյալ՝ չկա, ոչ մեկը չի տվել։

Ադրբեջանին տալ նման փաստարկ, որը վերջինս կարող է օգտագործել և օգտագործում է, հետո լուծարել պետություն,  դա ուղղակի անպատկերացնելի է»։ 

Սաքունցը հիշեցրեց  նաև, որ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները ողջունեցին Արցախի նոր նախագահի ընտրությունը, և «իրենց ողջունած նախագահը ռուսների աչքի առաջ ստորագրեց այդ հրամանագիրը», որը իրավական ուժ չունի՝ թեկուզ չճանաչված պետության պարագայում։  «Որևէ  հրամանագիր չի կարող փոխարինել ռեֆերենդումին, ինչպե՞ս է հրամանագրով լուծարվում մի պետություն, որը ձևավորվել է  հանրաքվեով։ Այդպիսի բան չի լինում, և պետք է պարզաբանումներ  տրվեն այս մասով այդ հրամանագիրը ստորագրողները, պետք է հետաքննություն իրականացվի, թե ինչպես ի հայտ եկավ այդ փաստաթուղթը։  Իսկ հերթական անգամ փորձել օգտագործել էթնիկ զտման ենթարկված Արցախը  ներքաղաքական նպատակներով՝ իշխանության հասնելու համար, դա ամենամեծ անբարոյականությունն է»,-նկատեց իրավապաշտպանը։

Հեղինե Մանուկյան