Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայհոյանքը չի սատարում խոսքի ազատությանը». Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացմանը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են  պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արփինե Դավոյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Հովակիմյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Կորյուն Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը։

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այսօր նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, և ԱԺ աշխատակազմի կողմից որոշակի դիտարկումներ են ներկայացվել։ Դրանցից մի մասը նա ընդունում է, սակայն կան դիտարկումներ, որոնք պատգամավորը չի ընդունում։

«Դրանք վերաբերում են իրավական որոշակիության հիմնահարցերին, հղում է կատարվել ՍԴ որոշ որոշումների, սակայն չեմ համաձայնելու այդ դիտարկումների հետ, քանի որ եթե մենք առաջնորդվում ենք նրանով, թե ինչ է իրավական որոշակիությունը և ինչ է հասկացությունը, որը գնահատման կարիք ունի դատարանի կողմից, դրանք տարբեր կատեգորիաներ են։ Յուրաքանչյուր բառ կարող է տարբեր ձևով ընկալվել, սակայն դատական պրակտիկայում դրանք երբեք խնդիրներ չեն առաջացրել»,- նշեց նա։

Խոսքը վիրավորանքի ծայրահեղ դրսևորումներ դիտարկվող հայհոյանքները քրեականացնելու մասին է, որը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու և անձի։

«Հոդվածներում տարբերակված պատժամիջոցներ նախատեսելը կախված է այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանից։ Ինչու է փոփոխություն կատարվում նաև Քրեական օրենսգրքում. քանի որ այս հոդվածի առաջին մասում նախատեսված արարքի հիման վրա քրգործ կարելի է հարուցել բացառապես տուժողի բողոքի հիման վրա։ Այլ կերպ ասած, մենք մասնավոր մեղադրանքի հետ գործ ունենք»,- նշեց պարոն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ այս կետի հետ կապված չի լինելու այնպիսի իրավիճակ, երբ պատկան մարմինները կծանրաբեռնվեն մեծ քանակությամբ բողոքներով. «Երկրորդ մասը վերաբերում է հրապարակային հայհոյանքին, որը կատարվել է անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված»։

Նրա խոսքով՝ եթե հանգենք այն իրավիճակին, որ, օրինակ, մեկ տարի անց հայհոյելու տեսքով վիրավորանքը ընդհանրապես դուրս մնա մեր կյանքից, ապա առիթ չի լինի փոփոխություն կատարել, և այս օրենքը կդադարի գործել։

«Հաշվի առնելով, որ սա շատ զգայուն թեմա է և որոշակի առումով առնչվում է խոսքի ազատության թեմային, նշեմ, որ որևէ ձևով հայհոյանքը չի սատարում խոսքի ազատությանը, և այս նախագծով նպատակ ենք հետապնդում պաշտպանել նաև լրագրողական գործունեությունը, քանի որ լրագրողները այն կատեգորիայի մարդիկ են, որոնք  շատ դեպքերում դառնում են այս կարգի վարքագծի զոհ»,- նշեց պատգամավորը։
Ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը՝ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն առաջարկեց կողմ քվեարկել: Լրամշակված նախագիծը հանձնաժողովում արժանացավ դրական եզրակացության: