Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք շարունակում եք պաշտպանել Մարդու իրավունքների պաշտպանին, դատավորին, դատաքննության ընթացքում՝ դատախազին, փաստաբանին և չեք պաշտպանում պատգամավորին»․ Նիկոլայ Բաղդասարյան

«Դուք շարունակում եք պաշտպանել Մարդու իրավունքների պաշտպանին, դատավորին, դատաքննության ընթացքում՝ դատախազին, փաստաբանին և չեք պաշտպանում պատգամավորին»․ Նիկոլայ Բաղդասարյան
Քաղաքականություն
13:27, 30 июль 2021
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին ուղղված հարցում, Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ Քրեական օրենսգրքում, մի շարք հոդվածներում տարբեր սուբյեկտների նկատմամբ նախատեսված է վիրավորանքը քրեորեն պատժելի դարձնելը։ «Արդյո՞ք չարժի քրեականացնել պատգամավորի նկատմամբ վիրավորանք հասցնելը, Կառավարության անդամների նկատմամբ վիրավորանք հասցնելը, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վիրավորանքը քրեականացված է, զինվորի նկատմամբ վիրավորանքը քրեականացված է, դատավորի, դատախազի, փաստաբանի նկատմամաբ վիրավորանքը քրեական պատասխանատվություն է նախատեսում, իսկ պատգամավորի, Կառավարության անդամի նկատմամբ վիրավորանքը նման բան չի նախատեսում։ Ձեր նախագիծը իրենց չի պաշտպանում», - հարցրեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Պատասխանելով հարցին, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ վիրավորանքը ապաքրեականացնելուց հետո, այդուհանդերձ, Քրեական օրենսգրքում պահպանվեցին հատուկ հոդվածներ, որոնք նախատեսում էին որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված, որոշակի սուբյեկտներին վիրավորանք հասցնելը։ «Եկեք հստակեցնենք հարցը։ Խոսքը չի վերաբերում վիրավորանքին, ընդհանրապես, այլ՝ հայհոյանքին, և այլ համարժեք դրսևորումներին և, եթե մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր ոք օժտված է արժանապատվությամբ և արժանապատվությունն է նրա իրավունքների և ազատությունների հիմքը, ապա կներեք՝ ես չեմ հասկանում, թե ինչու՞ մենք պետք է պաշտպանենք պատգամավորներին և չպետք է պաշտպանենք օրինակ մշակին, տաքսու վարորդին և այլն, ում արժանապատվությունը ևս՝ նույն եղանակով վիրավորվում է։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի։ Մենք նախատեսել ենք պաշտպանություն բոլորի համար, բայց առավել որակյալ հանցակազմ ենք նախատեսել այն դեպքերի համար, երբ վիրավորանքը, հայհոյանքը հասցվում է հանրային գործունեություն իրականացնող սուբյեկտին կամ դա իրականացվում է հրապարակայնորեն», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Արձագանքելով, Նիկոլայ Բաղդասարյանը չհամաձայնեց Վարդանյանի հետ, նշելով, որ վերջինիս պատասխան տեքստը այնքան էլ կապ չունի նախագծի տեքստի հետ։ «Դուք շարունակում եք պաշտպանել Մարդու իրավունքների պաշտպանին, դատավորին, դատաքննության ընթացքում՝ դատախազին, փաստաբանին և չեք պաշտպանում պատգամավորին», - ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը պաշտպանում է հայհոյանքից, բայց Աճառյանի բառարանով հայհոյանք է համարվում  ցանկացած սուտ տեղեկություն մարդու մասին հայտնելը։ «Դուք խոսում եք սեռական բնույթի հայհոյանքի մասին, մինչդեռ նախագծում դուք գրել եք հայհոյանք բառը։ Մյուս հարցը՝ անպարկեշտ վիրավորանքի մասին եք խոսում։ Ո՞նց եք պատկերացնում՝ դատավորը ո՞նց է որոշելու՝ տվյալ նախադասությունը անպարկե՞շտ է, թե՞ չէ», - հարցրեց Բաղդասարյանը։

Վարդանյանը պատասխանելով նշեց, որ իր կարծիքով, ՀՀ-ում և՛ դատախազները, և՛ դատավորները, քննչական մարմինները, փաստաբանները և քաղաքացիները կարողանում են շատ լավ տարբերել հայհոյանքի և վիրավորանքի շեմը։ «Ինչ վերաբերում է Աճառյանի բառարանին՝ ամենայն հարգանքով այդ բառարանի և Աճառյանի նկատմամբ, բայց այդուհանդերձ այդ բառարանը օրենսդրական ակտ չէ, որով մենք պետք է առաջնորդվենք», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։