Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վտարանդի կառավարություն ՀՀ-ում չի կարող լինել, Արցախի վտարանդի իշխանություն կարող է լինել Մոսկվայում, այ իրենք պետք է գնան Մոսկվայում գործեն․ Հայկ Սուքիասյան

Վտարանդի կառավարություն ՀՀ-ում չի կարող լինել, Արցախի վտարանդի իշխանություն կարող է լինել Մոսկվայում, այ իրենք պետք է գնան Մոսկվայում գործեն․ Հայկ Սուքիասյան
Քաղաքականություն
19:26, 01 ноябрь 2023
Այսօր Երևանում տեղի է ունեցել ԼՂ հարցով փակ քննարկում, որին մասնակցել են նաև Սամվել Շահրամանյանն ու ԼՂ-ից նախկին  պատգամավորներ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև հասարակական ու քաղաքական գործիչներ Հայաստանից։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։
 
- Պարոն Սուքիասյան, այն գործիչները, ովքեր մասնակցել են այդ հանդիպմանը, հիմնականում ունեն պրոռուսական ազդեցություն և պահանջում են ՀՀ իշխանությունների հրաժարականը։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է նման հանդիպման նպատակը, և ի՞նչ են քննարկել։

- Այդ և նմանատիպ քննարկումների նպատակը Արցախը չէ, այլ ՀՀ-ի կյանքը ցնցելը, ռուսական նախագծերը ՀՀ ներսում իրականացնելը և Ադրբեջանին ՀՀ-ի դեմ պատերազմ հրահրելը։ 

Արցախի լուծարում ստորագրած չեկիստը չի կարող Արցախի կյանքով զբաղվել և ցանկություն էլ չունի։ Ռուսները աշխատանքի բաժանում են արել. Թաթարստանից ժամանածին ու նախկին նախագահներին, որպես հեղինակություն չունեցող չեկիստների, ուղարկեցին Բաքվի բանտեր, իսկ այս նոր չեկիստին ուղարկել են ՀՀ, որպեսզի ՀՀ-ում պրոցեսներ կառավարեն։ Ես ենթադրում եմ նաև, որ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին սրա շուրջ կմոբիլիզացնեն՝ որպես կերպար։  
 
Հիմա այս մարդը, որ հայտարարություն է ստորագրել, եկել ասում է՝ լուծարված չէ։ Այսինքն՝ ինքը իր ստորագրածի հետ համաձայն չէ, եկել է ՀՀ և ասում է՝ այդ հայտարարության հետ համաձայն չեմ։ Ես ունեմ տպավորություն, որ սրանք կարող են փորձել ՀՀ-ում երկիշխանության նման ինչ-որ բան առաջացնել, որպեսզի բաժանում լինի՝ Արցախ և Հայաստան։ Կարծում եմ՝ նրանք չեն կարողանա իրենց նպատակին հասնել, որովհետև իրենք զրո հեղինակություն ունեն և հասարակության կողմից ընդունված չեն։ Հիմա այդ «նախագահը» արդյոք տեսնո՞ւմ է, թե Գազայում ինչ կռիվ է։ Պաղեստինը 6000 քառակուսի կմ է, ընդհանուր Արցախը մոտ 12.000 էր։ Գազայում հիմա կռիվ են տալիս։ Պաղեստինում ապրում է 5 մլն-ից ավելի մարդ, իսկ Արցախում, երկու անգամ մեծ լինելով, լավագույն դեպքում ապրել է 150.000 մարդ. ինքը թող սրա պատասխանը տա, ոչ թե հեքիաթներ պատմի։ Արցախը հանձնել է, հետո եկել ու ասում է՝ ոնց որ լավ չեմ հանձնել, սա ռուսական КГБ-ի ավանդույթն է. ամեն ինչ լղոզել։ 

- Արա Զոհրաբյանը քննարկումից  դուրս գալով լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է,  որ Շահրամանյանը կարող է կապիտուլյացիայի այդ փաստաթուղթը չեղարկել։ Նշել է, որ այդ փաստաթուղթը  նոր  իրավական ակտով կարող է չեղարկել։ Սա որքանո՞վ է լուրջ կամ հնարավոր։ 

- Այսինքն՝ իրենց նպատակը այն է, որ եթե Շահրամանյանը դա չանի, ապա պետք է գցեն ՀՀ իշխանությունների վրա։ Կարող են՝ թող չեղարկեն, բայց չեղարկելուց պետք է պայման լինի, որ ինքը վերադառնա Ստեփանակերտ և այնտեղ չեղարկի ու ոչ թե ՀՀ-ից։ Իրենց նպատակը այն է, որ ՀՀ-ում այդպիսի բան արվի, ու Ադրբեջանին հրահրեն Հայաստանի վրա հարձակվելու։ 
Եթե այդ Մխիթար Գոշն է, թե Հեգելն է, որ այդպես խոսում է, ուրեմն այդ իրավաբանին ասեք իմ կողմից, որ եթե այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն Շահրամանյանը հենց հիմա թող գնա Ստեփանակերտ և այնտեղ էլ դա չեղարկի։

- Իսկ ԼՂ նախկին իշխանությունները ՀՀ-ում ի՞նչ պետք է անեն։ Արդյոք նրանք կարո՞ղ են դրական դեր խաղալ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։ 

- Չեն կարող։ Ես ինչքան գիտեմ, դատական պրոցես կա։ Ինքը՝ որպես անօրինական հայտարարություն ստորագրած մարդ, մարդ, ով Արցախի Սահմանադրությունը կոպտորեն խախտել է, ապօրինի մարդ է, ապօրինի՝ որպես նախագահ։ Իրենք պետք է ցրվեն։ 
Հիմա էլ սկսել են այսպիսի թեզեր, թե՝  վտարանդի կառավարություն։ Վտարանդի կառավարություն ՀՀ-ում չի կարող լինել, Արցախի վտարանդի իշխանություն կարող է լինել Մոսկվայում, այ իրենք պետք է գնան Մոսկվայում գործեն։ Այստեղ նրանք իրավունք չունեն գործելու։ Այդ նախագահից սկսած բոլորը պետք է հրաժարական տան։ Ինքը Արցախը լուծարելու հայտարարություն է ստորագրել, հետևապես իրենք էլ չկան ու չեն լինելու։  

Կարող են ստեղծել նոր մարմին, որը կզբաղվի արցախահայության պրոբլեմներով, որը չպետք է  լինի այդ նախկին իշխանականներից, այլ պետք է կազմված լինի ազնվագույն մարդկանցից, կարող են նաև ՀՀ-ում զբաղվել արցախահայության ինտեգրման հարցերով։ Իսկ հետագայում կարող է ստեղծվել մարմին, որը կարող է զբաղվել արցախահայության իրավունքներով միջազգային կառույցներում։  
 
Դավիթ Լևոնյան