Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու. գնամ ի՞նչ անեմ այնտեղ՝ կբացատրե՞ք. Ալեն Սիմոնյան

Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու. գնամ ի՞նչ անեմ այնտեղ՝ կբացատրե՞ք. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
13:06, 22 ноябрь 2023
«Դեկտեմբերին միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու»,- ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ-ի միջոցառմանը չմասնակցելու վերաբերյալ լրագրողների հարցին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, սակայն կարծում է, որ ստեղծված իրավիճակում իր մասնակցությունը տեղին չէ:

ԱԺ նախագահը հստակեցրեց. «ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և արդեն իսկ չի կատարել. գնամ ի՞նչ անեմ այնտեղ՝ կբացատրե՞ք ինձ: ՀԱՊԿ-ի իմ գործընկերներին չմասնակցելու իմ որոշման մասին արդեն տեղեկացրել եմ, և իրենք տեղյակ են»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքներին իր որոշմանը, Ալեն Սիմոնյանը ասաց, որ առայժմ արձագանք չկա, և վստահություն հայտնեց, որ արձագանք չի էլ լինի. «Որովհետև վստահ եմ, իրենց համար էլ է հասկանալի, թե չմասնակցելու պատճառները որոնք են»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ երրորդ երկրի ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, և ՀԱՊԿ-ը անգամ քաղաքական գնահատական չի տվել. «Եվ եթե ՀԱՊԿ-ը իր պարտավորությունը չի կատարում, Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալը էլ ո՞նց է լինում: Իրենց գործողություններով, հայտարարություններով, իրենց խոսույթով իրենք ապացուցում են, որ իրոք այդ կառույցը խնդիր ունի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունները խաթարվել են, Հայաստանից նեղացած են, Ալեն Սիմոնյանը ընդգծեց. «Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, կան քաղաքական շահեր, և ակնհայտ է, որ վերջին տարիներին այդ շահերը գործել են Հայաստանի պետության, հայ ժողովրդի շահերի դեմ»: