Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998թ.-ին անցկացվեին 2021թ.-ի սցենարով արտահերթ ընտրություններ. Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը: 

Խոսելով կառավարման համակարգի փոփոխության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց. «Իսկ արդյոք հանրային քաղաքական հուզումների մթնոլորտը, ընտրությունների միջոցով հաղթահարելու մեխանիզմը նո՞ւյն կերպ կաշխատեր համակարգերի նախագահական և կիսանախագահական պայմաններում»:

Նա ընդգծեց, որ թեև պատմությունը չի սիրում եթե-ներով խոսել. «Բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ Երրորդ հանրապետության պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998թ.-ին 2021թ.-ի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ»:

Վարչապետի խոսքով՝ 1998 թվականին, երբ նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունը ու հեռացումը ներքաղաքական կյանքից. «Դա տեղի ունեցավ առանց ժողովրդի, առանց իրական հանրային քննարկման, և ԼՂ խնդիրը դուրս դրվեց հանրային քննարկումների դաշտից, թեորեմի ժանրից տեղափոխվեց աքսիոմի ժանր»:

«Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա ԼՂԻՄ, առավել ևս չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանք մշտապես քննարկել են ԼՂ-ն և հարակից շրջանները իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը և պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների ճանապարհով, ապա դա կանեն ռազմական ճանապարհով: Նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում»,- ընդգծեց վարչապետը:

վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե ներքին քննարկումների, թե միջազգային հանրության հետ հաղորդակցվելու ընթացքում և թե բանակցային սեղանի շուրջ, ընդ որում՝ այդ ասելիքի շուրջ նրանց մոտ կար հանրային կոնսենսուս, ապա մեր պարագայում ասելիքներն ու դիրքորոշումները տարբեր էին»:

Նա նշեց, որ մենք ի սկզբանե համակարգային խնդիր ենք ունեցել ԼՂ հիմնախնդրի համատեքստում, որը շատ լուրջ ազդեցություն է ունեցել Երրորդ Հանրապետության պատմության վրա. «Մենք, որպես հանրություն, չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն, և հարցը դուրս է թողնվել հանրային քաղաքական օրակարգից՝ կրելով հակամարտության պատմության ընթացքում մեր մոտեցումների հակասականության ազդեցությունը»:

Նրա խոսքով՝ կառավարման համակարգը փոխելու համար պետք է յոթ անգամ չափել և հետո մեկ անգամ կտրել: