Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավագանու որոշմամբ պաշտոնանկ արված Ալավերդիի նախկին համայնքապետի թիմը բոյկոտում է ավագանու նիստերն ու սպասում դատարանի որոշմանը

Ավագանու որոշմամբ պաշտոնանկ արված Ալավերդիի նախկին համայնքապետի թիմը բոյկոտում է ավագանու նիստերն ու սպասում դատարանի որոշմանը
Քաղաքականություն
20:30, 23 февраль 2024
Ալավերդի համայնքում նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ «Ապրելու երկիր»-ական քաղաքապետին անվստահություն հայտնելուց և ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին համայնքի ղեկավար  ընտրելուց հետո  Թամազյանի թիմի որոշ ներկայացուցիչներ աշխատանքից ազատման դիմումներ գրեցին, իսկ «Ապրելու երկիր»-ական ավագանու անդամները, նաև՝ ՀԱԿ խմբակցության մեկ անդամը  բոյկոտում են ավագանու նիստերը։ Ավագանու  արդեն 6 նիստ է կայացել այս ընթացքում։ Վերջին՝ արտահերթ նիստը երեկ էր, և  Թամազյանի գլխավորած խմբակցության 12 անդամները և ՀԱԿ-ի 1 անդամը՝ համայնքի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Տիգրան Պապոյանը, չեն մասնակցել նիստին։ Բոյկոտը, թերևս, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վարչական դատարանը վճիռ հրապարակի Թամազյանի կողմից ներկայացված հայցապահանջով։ 

Նախորդիվ հայտնել ենք, որ Ալավերդիի նախկին համայնքապետը վիճարկում է իրեն «գահընկեց» անելու ավագանու որոշումն ու պահանջում է այն համարել անվավեր, և միջնորդել էր դատարանին  կասեցնել Ղումաշյանի պաշտոնավարումը։  Դատարանն էլ,  ինչպես հայտնել ենք, քննարկելով հայցվորի վերոհիշյալ միջնորդությունը կասեցման վերաբերյալ՝ այն մերժել է՝ մասնավորապես պատճառաբանելով, որ խնդրո առարկա հանդիսացող սույն գործով վիճարկվող ավագանու որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կանոնակարգումները կիրառվել չեն կարող:  Դատարանը նիստ էր հրավիրել նաև երկու օր առաջ և այդ նիստում  գործի քննությունը համարեց ավարտված,  հայտարարեց, որ սույն գործով վճիռը կհրապարակվի 2024թ․ մարտի 11-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում։

Հարկ է նկատել, որ երբ ամիսներ առաջ ՔՊ-ն էր բոյկոտում ավագանու նիստերը, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Դավիթ Ղումաշյանը, ավագանու նիստերի օրակարգում ամեն անգամ ներառվում էր համայնքի ղեկավարի տեղակալների հաստատման հարցը (այն դեպքում, երբ վերջիններս ամիսներ առաջ ՏԻՄ օրենքի խախտմամբ արդեն իսկ  նշանակվել էին Թամազյանի կողմից ու պաշտոնավարում էին),  Ալավերդիի «Ապրելու երկիր»-ական քաղաքապետը մամուլում բողոքել էր, թե բոյկոտի հետևանքով տուժում են համայնքը, բնակչությունը, ծրագրերը։ 

Նկատենք, որ Թամազյանը մեկ ձայնի առավելությամբ էր քաղաքապետ ընտրվել՝ կոալիցիա կազմելով մեկ մանդատ ստացած ՀԱԿ-ի հետ։