Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդիի ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը դատի է տվել նորահայտ ընդդիմադիր կայքին և պահանջում է հերքել իր մասին զրպարտող տեղեկություններն ու փոխհատուցում վճարել

Ալավերդիի ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը դատի է տվել նորահայտ  ընդդիմադիր կայքին և պահանջում է հերքել իր մասին զրպարտող տեղեկություններն ու փոխհատուցում վճարել
Քաղաքականություն
20:00, 12 январь 2024
Ալավերդի համայնքի ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը (վերջինս ամիսներ  առաջ լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը) դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Էյ Բի Սի Մեդիա» ՍՊԸ-ի՝  զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցադիմումը, ինչպես պարզեց civic.am-ը, դատարանը ստացել է հունվարի 9-ին, նախագահող դատավորն է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը։

Նշենք, որ հիշյալ ՍՊԸ-ն, որը շահագործում է  abcmedia.am կայքը, ստեղծվել է 2023-ին։ Կայքի գործադիր տնօրենը Արտակ Բադալյանն է։ Սա մի հարթակ է, որի թիմում են մասնավորապես հակաիշխանական հայացքներ ունեցող «Ջենեսիս Արմենիա», այսպես կոչված, ուղեղային կենտրոնի հիմնադիր-ղեկավար Աբրահամ Գասպարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։ 
Նշենք, որ սույն կայքը դեկտեմբերի վերջին ռեպորտաժ էր թողարկել՝ «Սիմոն Զախարով. Ալավերդու «գորշ կարդինալը»» վերնագրով, որում նշվում է, թե ավագանու անդամը կրթությամբ խառատ է, որը մեկ տարի  վերապատրաստվելուց հետո վիրահատություններ է իրականացրել «Ալավերդի» ԲԿ-ում։ Սույն ռեպորտաժում  նշվում է նաև, թե իբր բոլոր իշխանությունների օրոք «լոյալ» դիրքավորված  Զախարովը կարողացել է 2014 թվականին «Ալավերդիում՝ գետի ափին,  ավագանու որոշմամբ ընդամենը 13 հազար դրամով հողակտոր ձեռք բերել», որի վրա, իբր թե, առանձնատուն է կառուցել։ 

Նշենք, որ Ալավերդի համայնքում դեկտեմբերի սկզբին ավագանու ՔՊ խմբակցությունն ու ավագանու անկախ անդամ Զախարովը անվստահություն հայտնեցին համայնքի «Ապրելու երկիր»-ական համայնքապետ Արկադի Թամազյանին, ավագանին համայնքի նոր ղեկավար ընտրեց ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։  

Երբ հայտնի դարձավ, որ  Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնվել, որին միացել է նաև Զախարովը, Թամազյանի թիմակիցների կողմից իրենց նախկին գործընկերոջ դեմ վարկաբեկիչ արշավ սկսվեց սոցցանցերում։ Ինքը՝ Թամազյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ, առանց Զախարովի անունը նշելու, նրան անվանել էր  «առնետ»։ 
 
Հ. Մ.