Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկան ԼՂ, հայերին ուղեկցեցին դուրս, մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս․ Ալեն Սիմոնյանը՝ ռուս սահմանապահներին հեռացնելու մասին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս են գալու: 

«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

ԱԺ նախագահը վստահ չէ, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանները կպաշտպանեն:

«Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին: Էլ չեմ ասում, որ հաճախ նաև ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն: Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին. հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, դա՞ էր պաշտպանել: Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,-ասաց Սիմոնյանը: