Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե այս երկու դեպքերի միջև կապը հաստատվի՝ նշանակում է իշխանության դեմ հստակ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում

Եթե այս երկու դեպքերի միջև կապը հաստատվի՝ նշանակում է իշխանության դեմ հստակ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում
Քաղաքականություն
17:23, 25 март 2024
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»։
 
Նշենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ վերոնշյալ երեք անձինք «Սասնա Ծռերի»՝ վերանվանված ԱԺԲ, անդամներից են։
Այս դեպքի առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Դավթյանն ասաց՝ երևույթն  ինքին բացասական է, բայց նաև բացասական է այն առումով, որ կարծես թե համընկնում է Ռուսաստանի հետ կապված գործողությունների հետ, շատ մարդկանց մոտ կարող է այդ համոզվածությունը լինել, որ դրանք փոխկապակցված են։ 

«Այսինքն՝ ուզում են այստեղ լարվածություն ստեղծվի, լարվածության ֆոնին, ըստ էության, որոշակի նպատակներ իրականանան։ Իսկ նպատակները որն է. մենք հիմա հիմնականում անվտանգության հարց ունենք, որպեսզի Ադրբեջանի հետ կապված թեմաներ առաջ քաշվեն և այլն։ Իսկ ընդհանրապես իրավական առումով սա ահաբեկչություն է»,- ասաց փաստաբանը։

Խոսելով այն մասին, որ ԱԺԲ-ից հայտարարեցին, որ այդ մարդիկ թեև իրենց ընկերներն են, բայց իրենք մամուլից են տեղեկացել դեպքի մասին, փաստաբանն ասաց, որ ինչքան էլ ընկերներ լինեն, բայց եթե որևէ խումբ կամ կուսակցություն փորձի պաշտոնապես ասել, որ իրենք են, ու դա իրենց ծրագրերի մեջ է մտնում, դա նշանակում է, որ այդ կուսակցությանը կարող են դիտել որպես ահաբեկչական խմբավորում, որի գործունեությունը բնականաբար կասեցվում է, և որի անդամներին պարզ է, թե ինչ ճակատագիր է սպասվում։   
     
 Խոսելով նաև որոշ ժամանակ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցների մոտ կրկին ահաբեկչության փորձ անելու հիմքով կալանավորված անձանց մասին և թե որքանով են այս դեպքերը փոխկապակցված՝ Գևորգ Դավթյանն ասաց. «Եթե իրավական առումով այս երկու դեպքերի միջև կապը հաստատվի, ապա սա նշանակում է, որ իշխանության դեմ կամ կոնկրետ պետության դեմ հստակ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում։ Այսինքն՝ փորձում են ինչ-որ անհատական գործողություններ անել, փորձել լարվածություն մտցնել ու փորձել իրենց նպատակին հասնել, օրինակ՝ իշխանությանը հեռացնելը, ենթադրենք։ Մարդկանց մոտ ինչ-որ տպավորություն են ուզում ստեղծել, թե՝ եկենք պայքարենք, որովհետև իշխանությունն այսպես է, այնպես է։ Եթե այդ առումով նայենք, վարկած է, որը ողջամիտ էլ կարող է լինել։ Որովհետև հենց կուսակցության վրա գնալը ենթադրում է քաղաքական նպատակ»,- ասաց Գևորգ Դավթյանը։   

Փաստաբանի խոսքով՝ եթե, օրինակ, ահաբեկչական ակտը այն վիճակին է  հասցված, որ իսկապես իրագործվելու է, ընդհուպ մինչև տվյալ գործողությունն իրականացնող մարդու կյանքի գնով իրավապահ մարմիններն իրավունք ունեն նրան վնասազերծելու։

Փաստաբանը նշեց, որ օրինակ՝ ԱՄՆ-ում, եթե անգամ վտանգը խաբուսիկ է, միանգամից լիկվիդացնում են, իրենք օբյեկտիվ հիմնավորում ունեն։

«Իհարկե, իրավապահներն ունեն անգամ լիկվիդացնելու գնով խնդիր լուծելու իրավունք, բայց պետք է փորձեն հնարավորինս այնպես անել, որպեսզի ոչ մեկը չտուժի։ Բայց եթե հնարավոր է, տվյալ մարդուն առանց կյանքից զրկելու վնասազերծել պետք է»,- ասաց փաստաբանը։

Լիլիթ Թադևոսյան