Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե այսպես շարունակվի, կհատվի գիծը` հասնելով անհնարինի. Փաշինյանը` ՀԱՊԿ-ի մասին

Հիմա Ռուսաստանը Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին և ասում էի՝ բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ իմիջիայլոց, ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից, որովհետև հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և կազմակերպության դիրքերից և ընդհանարապես, և բավականին վաղուց, դա ընդ որում, նաև 2020 թվականի պատերազմից առաջ, Ռուսաստանը հավասարահեռ քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ուզում եմ արձանագրել, որ իրականում մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և դա մեր մեջ ասած կոնկրետ թվական էլ ունի: Եթե մինչև 2012-13 թվականները Ռուսաստանի քաղաքականությունն այն էր, որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ադրբեջանը գործընկերն է, ընդ որում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, որի ամբողջ իմաստը պետք է լիներ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը շատ կոնկրետ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Բայց 2013 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրվեց, և սա այն կետն է, երբ Ռուսաստանի Դաշնությունն սկսեց դիվերսիֆիկացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ»,- նկատեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշիյանը  լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը և Ադրբեջանն իրար հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Նրա խոսքով՝ ըստ էության, հենց այդ հռչակագրի մեջ նաև արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը։
«Դա հրապարակային փաստաթուղթ է, և ըստ ամենայնի կարելի է արձանագրել, որ այն, ինչ հռչակվել է երկրների կողմից՝ համագործակցությունն անվտանգային ոլորտում, քաղաքականությունների շուրջ խորհրդակցություններ և այլն, դա գործնականում տեղի է ունենում, հակառակ դեպքում այդ հռչակագիրն իմաստ չէր ունենա: