Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրախախտումների ծավալները գնահատելու, չափելու գործիքները մենք չունենք»․ Արմեն Ռուսատամյան

«Ընտրախախտումների ծավալները գնահատելու, չափելու գործիքները մենք չունենք»․ Արմեն Ռուսատամյան
Քաղաքականություն
17:01, 13 сентябрь 2021
2012 թվականից տեղի են ունեցել 4 գումարման ընտրություններ՝ երկուսը՝ արտահերթ, երկուսը՝ հերթական։ Այս 4 զեկույցներից 3-ին ես ներկա եմ եղել և ինձ համար մեծ գայթակղություն է այսօրվա հաղորդումն ամփոփել ոչ միան անցած ընտրությունների արդյունքերի ամփոփման իմաստով, այլ բոլոր 4 հաղորդումների իմաստով։ Այս մասին այսօր՝ ԱԺ ամբիոնից, նշեց պատգամավոր Արմեն Ռուսատամյանը։

«Մի լավ լուր կա․ պարոն Մուկուչյանն է հանդիսանում այս 4 դեպքերի գլխավոր հերոսը։ Սա մեզ՝ քաղաքական առումով, շատ հետաքրքիր եզրակացության է բերում,  որ ավարտվեն այս քաղաքական շահարկումները, վերջ դրվեն այն մանիպուլիացիաներին, թե նոր իշխանության օրոք ընտրություններն անցել են աննախադեպ բարձր մակարդակով», - ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ ԿԸՀ-ն և Սահմանադրական դատարանի որոշումները միշտ նույն եզրակացություններն են տվել․ եղել են կեղծիքներ, բայց դրանք չեն ազդել ընտրական արդյունքների վրա։

«Եթե կուզեք ասել, որ այս ընտրություններում կեղծիքներ չեն եղել, այդպիսի բան որևէ մեկը չի կարող հնչեցնել։ Անգամ ԿԸՀ-ն այսպիսի հաստատում չի արել,  չի ասել, որ ընդհանրապես կեղծիքներ չեն եղել», - նշեց նա՝ հավելելով, որ  այս ձևակերպումները բոլորը 4 ընտրությունները դնում է նույն մակարդակի վրա։

Ռուստամյանի խոսքով՝ սրանով պետք է ավարտել քաղաքական մանիպուլիացիների ժամանակահատվածը․ կամ 4 ընտրություններն էլ ճիշտ են եղել, կամ 4-ն էլ սխալ են եղել։

«Կա մի վատ լուր․ ի վերջո մենք, ուզենք, թե չուզենք, կարող ենք փաստել, որ ոչ մի ընտրությամբ իշխանափոխություն  տեղի չի ունեցել մեր երկրում։ Իշխանափոխությունն եկել է կամ փողոցից, կամ հրաժարականների միջոցով (Ղարաբաղի հարցով է եղել), որից հետո տվյալ պահին գործող իշխանությունը վերարտադրվել է», - նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ պետք է երազել այն Հայաստանի մասին, երբ երկրում իշխանափոխություն տեղի կունենա միայն ընտրությունների միջոցով․ «Մենք չունենք այդպիսի Հայաստան, քանի որ, ըստ այն բանաձևի, որ ընտրությունների արդյունքներում եղել են կեղծիքներ, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ընտրախախտումների ծավալները գնահատելու, չափելու գործիքները մենք չունենք»։

Ռուստամյանն  առաջարկում է գործիք տալ ընդդիմությանը, պատահականորեն 100 տեղամաս ընտրել, որտեղ կեղծիքների ծավալը կարձանագրվի և կչափվի․ «Եթե դա, օրինակ, բերում է 5 կամ 10 տոկոս կեղծիքներ, ապա ողջամիտ կասկած պետք է առաջանա, որ այդքան կեղծիք էլ տեղի է ունեցել ամբողջ ընտրական գործընթացում»։

Պատգամավորի խոսքով՝ սրա ապացուցման բեռը ոչ թե պետք է ծառանա ընդդիմության ուսերին, քանի որ ոչ մի ընդդիմություն չունի համապատասխան լծակներ, այլ իշխանությունը պետք է իրակացնի դա։