Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե ես հաջողության հասած չլինեի, իմ թեկնածությունը, որպես անկուսակցական, չէր ներառված լինի ՔՊ-ի ցուցակում ». Արտակ Մանուկյան

«Եթե ես հաջողության հասած չլինեի, իմ թեկնածությունը, որպես անկուսակցական, չէր ներառված լինի ՔՊ-ի ցուցակում ». Արտակ Մանուկյան
Քաղաքականություն
14:59, 17 сентябрь 2021
Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածության հարցը:

Արտակ Մանուկյանն ասաց, որ իր կոմպետենտությունն ու փորձառությունը թույլ է տալիս առաջադրվել այդ պաշտոնում:

Խոսելով գնաճի մասին՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում գները կկայունանան, բայց Հայաստանը գնաճ ներմուծող երկիր է: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ասաց, որ մենք միայն գնաճ ներմուծող երկիր չենք, մենք միայն պղնձի խտանյութ ենք արտահանում ու մնացած ամեն ինչ ներմուծում:

Հետո Խաչատրյանը հարցրեց. «Դուք եղել եք վարչապետի խորհրդական, ձեր խորհուրդները ո՞ր բնագավառին են վերաբերվել, այդ խորհուրդներից քանի՞սն են ընդունվել ու ձեր ընդունված խորհուրդների իրականացումը մեր մահկանացուների կյանքում ինչ էական դրական փոփոխություն է առաջացրել»: 

Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ վարչապետի խորհրդական եղել է մինչեւ 2019-ը՝ մոտ 5 ամիս. «Նույն ժամանակահատվածում, ինչ դուք կոչված էիք գյուղոլորտի ծրագրերի նպաստմանը: Ինչ վերաբերում է ոլորտներին, հասարակական հիմունքներով աշխատողների համար պահանջները այլ են: Անձամբ ես պատասխանատու եմ եղել պետական գնումների համակարգի որոշակի ուղղությունների համար: Եթե ես հաջողության հասած չլինեի, իմ թեկնածությունը, որպես անկուսակցական, չէր ներառված լինի ՔՊ-ի ցուցակում: Կարծում եմ, ես հավելյալ արդյունք ցույց եմ տվել, հակառակ պարագայում դժվար էր ընկալել»:

Արթուր Խաչատրյանը նաեւ հարցրեց. «Քաղաքում տեղ չկա, որտեղ չլինի «կօգնեմ ստանաք վարկ», դա ի՞նչ ծուղակ է իրենից ներկայացնում: Գիտեմ, որ ԿԲ-ն ռեյդեր է կազմակերպում, մուտքերի դռներից, ցուցափեղկերից այդ թռուցիկները պոկվում են, երկու շաբաթ հետո նոր տպած հայտնվում, ի՞նչ կառաջարկեիք»: Մանուկյանը պատասխանեց. «Ես ինքս, որպես պատգամավոր, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եմ արել, կոնկրետ ձեր ասածը Մանե Թանդիլյանի կողմից նախաձեռնություն կար: Ընդամենը դրա վարչարարությունն է պետք: Երեւանում Երեւանի քաղաքապետարանի վրա է դրված: Օրենսդրական մակարդակով խնդիրը կարգավորված է մասնակի»: Արթուր Խաչատրյանն ասաց, որ կառավարության ծրագրում կար «կապիտալի նոր շուկայի ստեղծում». «Հաշվի առնելու, որ եղել եք նաեւ վարչապետի խորհրդականը, հին շուկան ձեզ ինչո՞վ չէր բավարարում ու հին շուկան զարգացնելու փոխարեն՝ ինչո՞ւ եք նախընտրում նորը ստեղծել»: Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ կապիտալի նոր շուկայի զարգացման հարցը օրակարգում եղել է իր խորհրդական լինելուց հետո: