Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2016-ին համայնքները խոշորացնելիս ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դիմե՞լ են ՍԴ՝ հակասահմանադրական գործընթաց սկսելու հարցով. Պապոյանը՝ փոխնախարարին

2016-ին համայնքները խոշորացնելիս ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դիմե՞լ են ՍԴ՝ հակասահմանադրական գործընթաց սկսելու հարցով. Պապոյանը՝ փոխնախարարին
Քաղաքականություն
11:43, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին հիշեցրեց, որ ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան համայնքների խոշորացման հարցով, և հարցրեց. «2016 թվականին ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն, երբ սկսել էին համայնքների խոշորացման գործընթացը,  դիմե՞լ են ձեզ հարցով, թե ինչու են հակասահմանադրական գործընթաց սկսում, դիմադրե՞լ են նրանք այդ խոշորացման դեմ Ազգային ժողովում և դիմե՞լ են նրանք ՍԴ, թե՞ ոչ»: 

Ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց, որ այն ժամանակ ՍԴ չեն դիմել, և հիմա, որքան ինքը գիտի, ՍԴ են դիմել հանրային լսումների հարցով. «Եվ այն ժամանակ, և հիմա հանրային լսումների գաղափարը նույնն էր, և մենք այդ հանրային լսումներն իրականացրել ենք և Ազգային ժողովում, և համայնքներում: Ի վերջո, Ազգային ժողովն է այն լիազոր մարմինը, որը պետք է այո կամ ոչ ասի վարչատարածքային փոփոխությունների մասին առաջարկությանը»:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2016 թվականից Սահմանադրություն չի փոխվել. «Ստացվում է, որ ըստ մեր ընդդիմադիր գործընկերների՝ իրենք հակասահմանադրական գործողությունների մեջ են եղել 2016 թվականին, բայց դրա մասին չեն հայտարարել»: