Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք ձեր բերանը հաճախ եք բացում, և շատ հաճախ այնտեղից վիրավորանքներ են դուրս գալիս, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում». Վահագն Ալեքսանյանը՝ «Հրապարակի» լրագրողին

«Վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել, մի քիչ ժամկետները շփոթում եք: Ինչ վերաբերում է ակցիաներին, ապա դրանք կամ լինում են արտոնված, կամ չատոնված»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և հավելեց, որ տվյալ դեպքին ծանոթ չէ և լրագրողի ինֆորմացիայով եզրահանգում չի անի, թե ինչ պատճառով են ակցիայի մասնակիցները բերման ենթարկվել. «Բերման ենթարկելու համար լինում են հիմքեր»:

Ինչ վերաբերում է հայրենիքը կադաստրային արժեքով չափելուն առնչվող լրագրողի հարցին, պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նկատեց. «Ոչ ոք նման պնդում չի արել, պարզապես պետք է նկատի ունենալ, որ հայրենիքը միայն ելույթներով, կենացներով չեն սիրում, այլ այդ հայրենիքը ավելի բարեկեցիկ դարձնելով»:

Նա հավելեց, որ չի հիշում, թե երբևէ լրագրողները խոսքի նման ազատություն ունեցած լինեն. «Ես չեմ հիշում այսպիսի մակարդակ, երբ լրագրողները ամենավերջին վիրավորական արտահայտություններն անեն պատգամավորների հասցեին, հետո գան և պատգամավորներից նորմալ հարցազրույցներ վերցնեն ու հետո էլի գնան այդ նույն պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ անեն»:
Վահագն Ալեքսանյանն էլ, անդրադառնալով «Հրապարակ» թերթի նույն լրագրողի դիտարկմանը, թե ով բերանը բացում է, մուրճով տալիս եք գլխին, ասաց. «Դուք ձեր բերանը շատ հաճախ եք բացում, և շատ հաճախ այնտեղից վիրավորանքներ են դուրս գալիս, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում»: