Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ի՞նչ պետք է անեին դատավորները, որ Դուք կոչ անելով չէիք ուզում, որ անեին»․ Արփինե Դավոյանը՝ ԲԴԽ նախագահին

«Ի՞նչ պետք է անեին դատավորները, որ Դուք կոչ անելով չէիք ուզում, որ անեին»․ Արփինե Դավոյանը՝ ԲԴԽ նախագահին
---
12:34, 03 март 2021
Այսօր Ազգային ժողովի հերթանական նիստի ժամանակ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ անդրադառնալով նրա այն հայտարարությանը, որ այսօր Ազգային Ժողովում չի պատրաստվում պատասխանել պատգամավորների այն հարցերին, որոնք կկրեն քաղաքական բնույթ՝ շեշտելով, որ ԱԺ բարձր ամբիոնի մոտ կանգնած յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխանի ԱԺ պատգամավորների հարցերին։ 

«Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ ԱԺ պատգամորները ներկայացնում են ՀՀ ժողովրդին, որոնք իրենց քվեն տվել են մեզ, որ մենք բարձրացնենք իրենց հուզող հարցերը։ Իսկ ՀՀ քաղաքացիներին այսօր շատ են հուզում դատական իշխանության հետ կապված հարցերը, որոնք նրանք Ձեզ տալու հնարավորւթյուն չունեն, քանի որ Ձեզ ուղղակի չեն կարող տեսնել։ Դուք չեք շրջում փողոցում, չեք գնում մարդկանց հետ հանդիպումների, և մարդիկ մեր միջոցով ցանկանում են իրենց անհանգստացնող հարցերը ուղղել Ձեզ» ,- նշեց տիկին Դավոյանը։

Պատգամավորը անդրադարձավ նաև Վարդազարյանի երեկվա այն հայտարարությանը, որ նա ծանթ չէ ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործին։ Նա նշեց, որ այս դեպքում եզրակացնում է Վարդազարյանը ծանոթ չէ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կատարված սպանության փորձին և այն բոլոր հրապարակային հնչեցված բռնության կոչերին, որոնց վրա հարուցվել են քրեական գործեր։

«Ենթադրում եմ, որ ծանոթ չեք այս գործերին, և Դուք երեկ ասացիք, որ անտեղյակ լինելով այդ ամենին, զսպման և սթափեցման կոչ եք արել դատավորներին։ Ուզում եմ այսօր նորից պարզաբանեք, եթե ծանոթ չէիք որևէ քրեական գործի, ինչո՞ւ էիք զսպման կոչով հանդես գալիս» , - հարցրեց պատգամավորը։

Պարոն Վարդազարյանը պատասխանեց, որ նա ամեն օր շրջում է փողոցներում, տեսնում է ժողովրդին ու պատասխանում է հարցերին, որոնք ուղղում են նրան մարդիկ, և լրագրողները։ 

«Չկա ՀՀ-ում գոնե մեկ լրագրող, ով ինձ հարց է ուղղել, և ես խուսափել եմ այդ հարցերին պատասխանելուց։ Ինչ վերաբերվում է քրեական գործի նյութերին ծանոթ չլինելուն, ապա, նշեմ որ ծանոթ լինելու դեպքում դրան կհետևեր քրեական պատասխանատվություն։ Ես ի պաշտոնե իրավունք չունեմ ծանոթանալու քրեական գործերի նյութերին, այդ իսկ պատճառով երեկ բացատրեցի՝ ինչու ծանոթ չեմ», - նշեց ԲԴԽ նախագահը։

Նրա խոսքով կոչը արվել է կրքերը հանդարտեցնելու համար, քանի որ տեսել է, որ  լարվածությունը մեծ է։

Պատգամավոր Արփինե Դավոյանը հարցրեց, թե ինչո՞ւ էին կրքերը լարված, ի՞նչ էր պատահել։ Ինչո՞ւ պիտի դատավորները սթափվեին։

«Ձեր բառերն եմ կրկնում։ Ես որևէ բան չեմ ավելացնում։ Ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեին։ Ի՞նչ պետք է անեին նրանք, որ դուք չէիք ուզում, որ նրանք անեին։ Ստացվում է որ Դուք միջամտել եք։ Դուք ասում նրանք պետք է սթափվեին։ Ինչի՞ց։»,- հարցրեց պատգամավորը։

ԲԴԽ նախագահը, սակայն, այդպես էլ չպատասխանեց այս հարցերին, նշելով, որ երեկ բազմիցս պատասխանել է ու ցանկություն չունի ժամանակ վատնել։

Սյուզի Սիրականյան