Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փակուղուց դուրս գալու ելքը մենք համարում ենք իրավական լուծումը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանի ընտրության մասին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Սեյրան Օհանյանը ցանկություն չունի՞ անձամբ ներկայացնելու թեկնածուին»,- հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ինչին ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ դա ֆրակցիայի որոշումն է:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որևէ իրավասություն չունի «Հայաստան» դաշինքին Դոնթի բանաձևով հատկացված տեղը իրենով անելու. «Դա ձեր իրավունքն է, դուք անընդհատ կարող եք ներկայացնել, բայց իրականում քանի որ մենք գտնվում ենք փակուղու մեջ, մենք տեսնում ենք փակուղուց դուրս գալու իրավական լուծում, բայց տեղն էլի մնալու է ձերը»: