Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարծում եմ՝ Արթուր Ղազինյանին ներկայացնելու կարիք այլևս չկա»․ «Հայաստան»-ը արդեն 8-րդ անգամ ներկայացրեց Ղազինյանի թեկնածությունը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Կարծում եմ՝ Արթուր Ղազինյանին ներկայացնելու կարիք այլևս չկա, և նրան ուղղված հարցերն էլ արդեն սպառված են: Այս հարցը շարունակում է մնալ թնջուկային՝ ամեն նիստից նիստ տեղափոխվելով: Ես կարծում եմ, որ այս էջը փակելու ժամանակն է»,- նշեց թեկնածուին ներկայացնող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իշխող խմբակցությունը կարող է տարբեր պատճառաբանություններ բերել. «Բայց մի բան հստակ է՝ իշխող խմբակցությունը չի կարող «Հայաստան» դաշինքի փոխարեն որոշում կայացնել, չի կարող պարտադրել իր որոշումը»: