Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Քաղաքականություն
20:45, 22 октябрь 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանի, Սարգիս Խանդանյանի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի եւ պատվիրակության անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Աննա Գրիգորյանի հետ ընդունել ենք Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը:

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական զորամիավորումների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին`շնորհավորել եմ Խավիեր Կոլոմինա Պիրիզին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Արդյունավետ եմ գնահատել Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը եւ ընդգծել, որ կողմերի միջեւ ավելի է ընդլայնվել առկա քաղաքական երկխոսությունը:
Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են փոխգործակցության խորացմանը:

ԱԺ գործընկերներիս հետ մտահոգություն ենք հայտնել Արցախյան երկրորդ պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Սիրիայից պատերազմական գործողությունների վայր ահաբեկիչների տեղափոխմանն աջակցելու վերաբերյալ:
 
Նշվել է, որ ահաբեկչական այդ ուժերի գոյության փաստը հաստատել են թե' Ֆրանսիայի նախագահը, թե' Ռուսաստանի անվտանգության դաշնային հատուկ ծառայությունները, եւ թե' Միացյալ Նահանգները: 

44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցության վերաբերյալ մեր երկրի կողմից ձեռքբերված տեղեկատվությունը Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին:

Խավիեր Պիրիզը նշել է, որ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա իրավիճակին: «Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է, եւ մենք պետք է միասին աշխատենք մի շարք ծրագրերի իրականացման շուրջ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նա շնորհակալություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցության համար:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Նշել եմ, որ Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: 

Այս համատեքստում Խավիեր Կոլոմինա Պիրիզը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ կողմերի միջեւ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր: