Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ բացառում`հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ուներ Մեղրիի փոխանակման հետ. Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում`հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ուներ Մեղրիի փոխանակման հետ. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
14:47, 27 октябрь 2021
«Ես գիտեմ, որ առանձնացված մաս գոյություն ունի քրեական գործից։ Հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք որ բաց են մնացել մեր հանրությունը գիտի, ինչպես որ գիտեր, որ ընտրությունները քսան քանի տարվա ընթացքում կեղծվում են, ինչպես որ գիտեր ամեն ինչ։ Եվ ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել»,-այսօր ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշակողոթողի մոտ՝ հիշատակի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահեցրեց, որ բոլորն այդ հարցերի պատասխանները կստանան նաև իրավական առումով։

ԱԺ նախագահը նշեց, որ հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում, բայց մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք հասկանալ պատճառները և իրականում այն դրդողները, այն մարդիկ, ովքեր որ այդ ամենից միգուցե քաղաքական, միգուցե ոչ միայն քաղաքական շահ են ունեցել։

«Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի և ես չեմ  կարծում, որ ես իրավասու եմ հիմա բարձրաձայնելու։ Նախ սխալ է պատկերացումը, որ քաղաքական իշխանությունն իր ձեռքերի մեջ իրավապահ համակարգ է ունենում։ Այդպիսի բան եղել է այն ժամանակ, երբ որ այս դահլիճում ոճրագործությունը տեղի է ունեցել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։  

Հարցին, թե այս ոճրագործությունը կապ ունե՞ր Մեղրիի փոխանակման հետ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառում նաև դա։

Նա նաև չի բացառում, որ այսօր այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմի հետ կապված, սկսվել է հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, որովհետև, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք այսօրվան չէինք գա։ Ի հավելումն ԱԺ նախագահը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որ ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում և դրա մեջ որևէ մեկը պետք է կասկած չունենա։
«Որովհետև, այն ինչ տեղի ունեցավ, դա  մեր պետականության ողնաշարի կոտրել էր։ Ինձ հարցնում են Մեղրիի հետ կապված, պատերազմի հետ կապված, այո՛, այն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքը մենք այդ օրվանից մինչև օրս քաղում ենք։

Ու ես կարծում եմ, որ մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք և մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկզիբ առավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, մինչ օրս, ցավոք սրտի պտտվում և իր հետևանքներն է թողնում»,- ասաց Ալեն Սիմոնյանը