Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորիկյանն Ապարանում առաջադրել է Գնթունիկի Կարեն Եղիազարյանին, բայց «բացառում է Վանեցյան-Քոչարյան կոնտինգենտի հետ» առնչությունը

Նորիկյանն Ապարանում առաջադրել է Գնթունիկի Կարեն Եղիազարյանին, բայց  «բացառում է Վանեցյան-Քոչարյան կոնտինգենտի հետ» առնչությունը
Քաղաքականություն
16:12, 12 ноябрь 2021
Դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը պարծենում է  իր կատարած աշխատանքով, հոլովակներ են պատրաստվում և տարածվում համացանցում, թե իր անձնական միջոցներով ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել, սակայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը մի շարք պարտավորություններ ունի շինարարական ընկերությունների և անձանց նկատմամբ:

Մասնավորապես, Ապարանի  համայնքապետարանը 2020 թվականին Ապարանի ՃՇՇ-ին պարտք է եղել 5,9 միլիոն դրամ։ Դատարանի որոշմամբ՝ գանձվել է ամբողջ գումարը, ինչպես նաև որոշակի գումար՝ հարկադիր ծառայության և դատական ծախսերի համար։

Դատարանի մեկ այլ վճռով՝ Ապարանի համայնքապետարանը 1,6 միլիոն դրամ է վճարել Հասմիկ Գրիգորյանին հարկադիր պարապուրդի համար։

Մենք պարզեցին նաև, որ այս պահին Ապարան համայնքի հողերը, ինչպես նաև 9 տրանսպորտային միջոց  դատարանի որոշմամբ  կալանքի տակ են։ 

Համայնքապետարանը 3 միլիոն 356 հազար դրամ պարտք է «Արտաշես մեծ» ՍՊԸ-ին։

Ստացվում է, որ անհարկի ձգձգումների պատճառով պարտատերերը դատարանի միջոցով են համայնքապետարանից գումարները ստանում, որին էլ գումարվում է առանձին կլորիկ գումար հարկադիր և այլ ծախսերի համար։ 

Հիշեցնենք, որ Ապարանում Կարեն Եղիազարյանն առաջադրվել է «Եղիազարյան» դաշինքով, որի կազմում երկու կուսակցություն է։ Մեկը նորաստեղծ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունն է, մյուսը՝ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան»-ը։ 

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ՏԻՄ ընտրություններին իրենք  4 համայնքում են թեկնածուներ առաջադրել, որոնցից մեկը Ապարան համայնքն է։ Այդ 4 համայնքում էլ թեկնածու առաջադրելիս իրենք նկատի են ունեցել համայնքի շահը և առաջնորդվել են թեկնածուների՝ նախորդ տարիներին կատարած աշխատանքով: «Բացառապես այդ հանգամանքն է դրված մեր կողմից առաջադրումների հիմքում։ Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունները, հաշվի առնելով համայնքների առանձնահատկությունները՝ մենք գտել ենք, որ տվյալ ժամանակահատվածում տվյալ անձինք, որոնց առաջադրել ենք, կարող են լավագույնս ծավալել գործունեություն համայնքի բնական զարգացումն ապահովելու համար»,- ասաց Նորիկյանը։

Մեր դիտարկմանը՝ իրենց չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Ապարանում Կարեն Եղիազարյանին պաշտպանում են իրենք և Արթուր Վանեցյանը, ըստ մամուլի հրապարակումների՝ նաև Ռոբերտ Քոչարյանի թիմը, Նորիկյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ այդ հնարավոր քայլերը, շահարկումները, բայց ես բացառում եմ մեր շփումը այդ կոնտինգենտի հետ։ Ես չգիտեմ՝ ով ում է պաշտպանում, ինչպիսի աջակցություն է ստանում ումից, հասկանում եմ նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչպիսի տրամադրություններ են եղել, բայց նույն Արագածոտնի մարզում կան նաև ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուներ, որոնք տառացիորեն մի քանի ամիս  առաջ ջերմեռանդորեն պաշտպանում էին Քոչարյանին, «Պատիվ ունեմ» դաշինքին։ Հետևաբար այդ համատեքստում մենք չենք առաջնորդվել այն համատեքստով, թե մարդիկ ինչպիսի  քաղաքական նախասիրություններ են ունեցել մի քանի ամիս առաջ կամ մի քանի տարի հետո։ Կրկնում եմ՝ մեզ համար ելակետ է եղել համայնքի շահը և համայնքապետի կատարած աշխատանքը։ Իսկ թե այս կամ այն անձը ում է պաշտպանել կամ պաշտպանում՝ մեզ համար երկրորդական է»։

Ի դեպ, մեզ պատմեցին, որ «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանիում անդամները կուսակցական չեն, և նրանց հիմնական մասը հենց Կարեն Եղիազարյանի կողմնակիցներն են։

Նորիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ բոլորը իր կուսակցության անդամները չեն, անկուսակցականներ ևս կան, բայց կան անդամներ, որ մինչ ցուցակ մտնելը դիմում են գրել  և անդամակցել են «Արդար Հայաստան» կուսակցությանը: «Ինձ համար շատ սկզբունքային խնդիր է համայնքի բնականոն զարգացումն ապահովելու համար ավագանու անդամների շահագրգռվածությունը տեղերում իրենց համայնքի զարգացումն ապահովելու համար։ Ես շատերին ճանաչում եմ, ովքեր մեր կուսակցության ցուցակով ավագանու անդամ են առաջադրվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է բոլորովին անհայտ մի կուսակցության հետ դաշինք կազմելու տրամաբանությանը, ապա Նորիկյանն ասաց, որ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության նախագահին ճանաչում է, երկու-երեք անգամ հանդիպել է նրա հետ, ընդհանուր քննարկումներ են ունեցել, և դա բավարար է եղել նման որոշում կայացնելու համար։

Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ հավատացյալներից, քահանաներից կազմված կուսակցությունը քաղաքականության մեջ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ, որ իրենք էլ այդ ուժի հետ դաշինք են կազմել՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ձեր հրապարակումներին ծանոթ եմ, բայց այդ ծավալի տեղեկությունների չեմ տիրապետում, չգիտեմ, թե  իրենք ովքեր են, ինչ շփումներ ունեն եկեղեցու  հետ։ Ես  բացառապես իրավասու եմ մեր կուսակցության որոշումների համար»:

Նա հավելեց, որ նման իրավիճակ է ստեղծվել օրենսդրության բացի պատճառով, երբ պահանջ է դրվել, որ համամասնական ընտրակարգով պետք է ընտրությունները կազմակերպվեն։ 

Մենք նորից փորձեցիքն կապ հաստատել «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության հետ։ Նախագահ Հրաչյա Ներսիսյանի հետ խոսել չհաջողվեց։ Զանգահարեցինք Տեր Ղազար քահանա Պետրոսյանին, ով ևս կանգնած է այս կուսակցության ստեղծման հիմքում։ Քահանան մեր հարցրեը լսելուց հետո բավական ագրեսիվ դարձավ, հորդորեց մեր հարցերը ուղղել հասցեատերերին և անջատեց հեռախոսը։
Նորից զանգահարեցինք քահանա Պետրոսյանին՝ ասելու, որ ինքն է ֆեյսբուքյան իր էջում գովազդում նորաստեղծ կուսակցությունը, քաղաքականությամբ է զբաղվում, և մեր հարցերի լավագույն հասցեատերը հենց ինքն է, սակայն մեր դիտարկումից հետո քահանան էլ ավելի ագրեսիվ դարձավ, բորբոքված հայտարարեց, որ «իր կոկորդից չբռնենք», ու նորից անջատեց հեռախոսը։ Մինչդեռ մենք ցանկանում էինք պարզել՝ Ամենայն հայոց կաթողիկոսն արդյոք իր համաձայնությունը տվե՞լ է, արտոնե՞լ է, օրհնե՞լ է  քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություն հիմնելու իրենց որոշումը։