Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապարանի համայնքապետը սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները վերագրում է իրեն. փաստեր

Ինչպես հայտնի է, այս տարվա դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Ապարան խոշորացված համայնքում, որի համայնքապետ Կարեն Եղիազարյանը նախընտրական այս փուլում փորձ է անում 2017 թվականից առ այսօր համայնքապետարանի, կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերով համայնքում իրականացված աշխատանքները վերագրել իրեն։ 

Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, սոցցանցերում հոլովակներ են տարածվում, որոնցում ներկայացվում է  կատարված աշխատանքը, և դա վերագրվում է  համայնքապետ Կարեն Եղիազարյանի անձնական միջոցներին։ Օրինակ՝ այդ հոլովակներից մեկում ասվում է, որ համայնքապետը սեփական միջոցներով նախաձեռնել է բազմաբնակարան շենքերի բակերից տնակների հեռացման աշխատանքներ՝ վարձակալելով տարբեր տեսակի տեխնիկա։

 Ապա շարունակվում է, որ «համայնքի ղեկավարի անմիջական միջոցներով» ասֆալտապատվել է Գայի պողոտան, Լուսագյուղի կենտրոնական ճանապարհը ևս, ըստ այդ տեսանյութի, ասֆալտապատվել է համայնքապետի անձնական միջոցներով։ Ներկայացվում է, որ Քուչակի ջրագիծը ևս կառուցվել է համայնքապետի անձնական միջոցներով։

Նկատենք, սակայն, որ 2018 թվականին սուբվենցիոն ծրագրով Ապարան համայնքի քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցման համար ծախսվել է 52 միլիոն ՀՀ դրամ, որից 20 միլիոնը տրամադրվել է պետության կողմից, մնացածը՝ համայնքային միջոցներով։ Քաղաքային զբոսայգու նստարանները և պուրակների դեկորատիվ երկաթյա կոմպոզիցիաները պատրաստվել են անհատ մարդկանց ուժերով։ Մենք պարզեցինք, որ համայնքապետարանը նրանց միայն տվել է մետաղական պրոֆիլները ու զոդման պարագաները։ Արդյունքում այդ անձինք մնացել են ստվերում, իսկ համայնքապետ Կարեն Եղիազարյանը կատարված ամբողջ  աշխատանքը վերագրում է իրեն, իր անձնական միջոցներին։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մենք պարզեցինք, որ միայն 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերով Ապարանում իրականացվել է համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների և կամուրջների վերանորոգում 44 միլիոն դրամ բյուջեով, քաղաքային և գյուղական բնակավայրերի գիշերային լուսավորության անցկացում 48 միլիոն դրամ բյուջեով, 10 միլիոն դրամ բյուջեով ծրագիր համայնքի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման համար։ 

Տեսահոլովակում ներկայացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը, մայթերի և բակային տարածքների բարեկարգումը ևս իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ 2020 թվականին այդ նպատակի համար հատկացվել է 341,891,022 դրամ, որից 205,134,614 դրամը՝ պետական բյուջեից։ 

Ի դեպ, այս պահին էլ՝ նախընտրական այս շրջանում, համայնքապետարանի էջը նոն-ստոպ ռեժիմով լուսաբանում է համայնքում ասֆալտապատման աշխատանքները՝ դա ներկայացնելով որպես համայնքապետի կատարած աշխատանք, ձեռքբերում։ Նշենք, սակայն, որ դրանք ևս իրականացվում են սուբվենցիոն ծրագրով։ Ապարան համայնքի Ապարան քաղաքի, գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար 2021-ին 360 միլիոն դրամ է հատկացվել, որից 160 միլիոնը՝ պետական բյուջեից։ Աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն իրականացված է։  
 
Նշենք նաև, որ 2019թ. պետական բյուջեի միջոցներով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 1 ընտանիքի 10 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է տրամադրվել։ Իսկ 2020 թ. նույնպես պետբյուջեի միջոցներով կրկին երկրաշարժից հետո անօթևան 1 ընտանիքի համար բնակարան է կառուցվել։ Բարեբախտաբար, համայնքապետը այս աշխատանքները չի վերագրել իր անձնական միջոցներին։ 

Ամեն դեպքում սա նախկին իշխանություններից եկած գործելաոճ է, երբ պետական և համայնքային միջոցներով կատարված աշխատանքը ներկայացվում էր որպես  անձնական միջոցներով կատարված աշխատանք։ Եվ դեռ հարց է, թե համայնքապետին որտեղից այդքան գումար, որ նման նպատակների է ծառայեցնում. եթե գործարար է, գուցե զբաղվի իր բուն գործով։ 

Ի դեպ, «շնորհիվ» Կարեն Եղիազարյանի, Ապարանը ձեռք է բերել խոշորացված վատ համայնքի համբավ, քանի որ համայնքի ամբողջ միջոցները ուղղվում են բացառապես Ապարանի բարեկարգմանը, իսկ խոշորացված մնացած համայնքները համեմատաբար մնում են ստվերում։ Գյուղերում շատ չնչին աշխատանքներ են արվել։  Եվ բնավ հասկանալի չէ, թե ինչով է մեղավոր գյուղաբնակ ապարանցին, երբ ամեն օր կայքերով և իր աչքերով տեսնում է լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները Ապարան քաղաքում, իսկ իրենց գյուղում ճանապարհները ինչպես կային 30 տարի, այնպես էլ մնացել են։ Կարեն Եղիազարյանի նման ոչ բարեխիղճ աշխատանքի արդյունքում խարխլվել է գյուղաբնակ ապարանցու հավատը համայնքների համաչափ զարգացման խոստումների նկատմամբ։