Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի պատասխանատվության հարցը կարող է բարձրացնել միայն Եվրադատարանը․ 1in.am

Քոչարյանի պատասխանատվության հարցը կարող է բարձրացնել միայն Եվրադատարանը․ 1in.am
Քաղաքականություն
18:00, 26 ноябрь 2021
Ինչպես արդեն գիտենք, Հայաստանի  վերաքննիչ քրեական դատարանը ավարտեց  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունը և իր որոշումը  հրապարակելու է նոյեմբերի 26-ին։  Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու հարցով՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած որոշմանը՝  «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ-ի գործի վերաբերյալ։  Համաձայն եվրոպական ատյանի որոշման՝ Հայաստանում Եվրոպական կոնվենցիայից շեղումները 2008-ի արտակարգ դրության օրերին  արդարացված չեն։ Հակադարձելով Հայաստանի նախկին կառավարությանը, թե 2008-ի մարտի 1-ին Երևանում վիճակը կարելի էր որակել արտակարգ՝ Եվրադատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի վճռում ընդգծել է՝ չեն եղել բավարար ապացույցներ՝ հավաքների բնույթի մասին եզրահանգումներ անելու համար։ Ավելին՝ չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ 2008-ի մարտի 1-ի 10-ը մահվան դեպքերը կապ ունեն ցուցարարների գործողությունների հետ։

Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, Եվրոպական իրավունքի մասնագետ Տիգրան Եգորյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ  այս դատավարությունից որևէ  դրական  ակնկալիք  չունի և վերահաստատում է այն տեսակետը, որ Մարտի 1-ի գործով եվրոպական ատյանի հերթական այս վճիռը կարող է կրկին  Քոչարյանի պատասխանատվության հարցը բարձրացնել, այդ թվում՝  և՛ քրեական, և՛ քաղաքական պատասխանատվության, քանի որ որպես նախագահ առաջին պատասխանատուն է հանդիսացել։

Եվրադատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի վճռում ընդգծել է՝ «չեն եղել բավարար ապացույցներ՝ հավաքների բնույթի մասին եզրահանգումներ անելու համար։ Ավելին՝ չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ 2008-ի մարտի 1-ի 10 մահվան դեպքերը կապ ունեն ցուցարարների գործողությունների հետ»։


Մարտի 1-ի զոհերից  Սամվել Հարությունյանի  հայրը, մեր հարցմանը ի պատասխան, ասաց՝շատ կուզենար, որ դրական վճիռ կայացնի, բայց որևէ հույս չունի։ Աչքը տեսածից է վախենում։ «Մենք ո՞նց կարող ենք սպասել, որ այս ծախված դատարանն ու դատավորները, փաստաբանները արդար վճիռ կայացնեն»,-վրդովված նշեց Էդիկ Հարությունյանը։

Մեր հարցին՝ ինչու է այդպես կարծում, նա պատասխանեց, որ  երկու տարի շարունակ ձգվող գործը ցույց է տալիս, որ թե փաստաբանները, թե Սահմանադրական դատարանը, թե գործը քննող դատարանը,ակնհայտ հակված չէ գործը բացահայտել, ամեն ինչ անում են, որ մարդասպանին արդարացնեն՝ոտնահարելով  մարդու իրավունքները։ Նա համոզված է,որ Քոչարյանը բոլորի հանդեպ կամ ճնշում է բանեցնում, կամ խոշոր գումարներով կաշառել է բոլոր կողմերին։ «Դատարանները իրական դատարան չեն։ Ես կուզեի, որ Սահմանադրական դատարանները օրենք ընդունեին փաստաբաններին պատժելու համար, որ անցնում են բոլոր չափերը»,-ասաց մեր զրուցակիցը։ Նա հավատացած է, որ գործն այլ ընթացք կունենար, եթե դատարանները շրջափակելու ժամանակ բոլոր դատավորներին  հանեինք և  նրանց փոխարինեին նոր, երիտասարդ, ազնիվ կադրերի։ «Սրանք այնքան կաշառք են կերել,որ առանց կաշառք չեն կարողանում աշխատել, ապրել»,-շեշտեց Հարությունյանը։ Եթե դատարանները գոնե մի քիչ անաչառ լինեին,ըստ նրա, կթողնեին, որ խեղճ ծնողները  նորմալ արտահայտվեին, իրենց ասելիքն ասեին։ Հարցին՝ ինչպես է գնահատում դատախազների աշխատանքը, նա կտրուկ բացասական պատասխանեց՝ասելով, որ դատախազությանը նույնպես չի հավատում, քանի որ վերջիններս երբեք չեն լսում փաստաբանների դիրքորոշումները ու տապալման են տանում գործը  ու հաճախ այդպես վարվում են միտումնավոր։  Բացի այդ՝ նա կարծում է, որ ներկայիս դատախազը կաշկանդված է այն հանգամանքով, որ այդ թվին նրա ըկերներն են եղել գլխավոր պատասխանատու պաշտոններում, որոնցից մեկը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն է,  և բնականաբար  նա  ամեն ինչ կանի՝  իր ընկերներին պաշտպանելու համար։

Հիշեցնենք՝ ՍԴ–ն 2021թվականի մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:

«Մարտի 1»-ի գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այս երկու հոդվածներից բացի` նաև 190–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

Աղբյուր՝ 1in.am